«Շատերին ենք դիմել. մեծ մասը ոչ մերժել է, ոչ էլ համաձայնվել». «Սարի աղջիկը» սպասում է նոր կատարողների (Լուսանկարներ, տեսանյութ)
«Ա՜խ, մերդ մեռնի, սարի աղջիկ,
օ՜յ, օ՜յ, քարի աղջիկ, օ՜յ, օ՜յ
Քար սիրտ աղջիկ, օ՜յ, օ՜յ
Չար սիրտ աղջիկ:
Թույն մի ածա թեժ վերքիս,
Դլե յաման, լեյլի յար ջան»
««Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի»-ի երգը (Սարի Գելին) հայ շատ կատարողներ տարբեր ժամանակներում ներկայացրել են իրենց մեկնաբանություններով: «Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի շրջանակներում երգիչ Անդրեի կատարմամբ այս երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո հանգիստ կարող եմ ասել, որ աշխատանքը ստացվել է: Նախատեսում ենք այն շարունակաբար ներկայացնել հայկական շոուբիզնեսի այլ ներկայացուցիչների կատարմամբ ևս՝ տարբեր ոճերում ձայնագրելով ու տարածելով»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Էլիբեգովան հավելեց նաև, որ Անդրեն համաձայնվել է միանգամից: «Աշխատելն էլ նրա հետ հեշտ էր և արդյունավետ: Կա արդեն նաև Էմիի ու Շուշան Պետրոսյանի համաձայնությունը համագործակցելու այս նախաձեռնության շրջանակներում: Շատերին ենք դիմել...մեծ մասը ոչ մերժել է, ոչ էլ համաձայնվել...Սպասում ենք նրանց բարի կամքի դրսևորմանը՝ հենց բարի կամքի, որովհետև ողջ աշխատանքը կամավորական հիմունքներով է»:
Նախագծի հեղինակներն են ադրբեջանագետներ Անժելա Էլիբեգովան և Անի Մարգարյանը: Հայկական ավանդական հագուստների հեղինակը Տերյան մշակութային կենտրոնն է:
Անդրեի «Սարի աղջկա» ձայնագրությունն ու գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը, ով
նաև տեսահոլովակի ռեժիսորն է:
Ի դեպ՝ մեկ օրվա ընթացքում տեսահոլովակը youtube- ում հասցրել է հավաքել 10 հազարից ավել դիտում:
«Մեր նպատակն է պրոպագանդել, որ «Սարի աղջիկը» հայկական ժողովրդական երգ է, մերն է,
և ոչ թե ադրբեջանցիներինը կամ թուրքերինը»,-տեսահոլովակի պրեմիերայից հետո
լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անդրեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը մերժում է երգի հայկական ծագումը` ընդգծելով, որ այն ադրբեջանա-թուրքական ծագում ունի: Թուրքերի մի մասը երգը համարում է հայկական, մյուս մասը՝ թուրքական, բայց ոչ երբեք ադրբեջանական, կա նաև երգի պարսկերեն տարբերակը: Երգի հայկական արմատների բացահայտման և փաստերի հավաքագրման նպատակով մի խումբ հայ երիտասարդներ ֆեյսբուքյան նախաձեռնությամբ են հանդես եկել` բացելով «Sari Gelin is Armenian folk song Սարի աղջիկը հայկական երգ է» էջը:
Նախաձեռնության անդամները նպատակ ունեն նախ հայ երիտասարդներին ծանոթացնել այս երգի հետ, սկսեն ավելի շատ կատարել այն, որպեսզի էլ ավելի տարածում ունենա մեր հասարակության շրջանում:
«Սարի աղջիկը հայկական երգ է» նախագծի շրջանակներում հայուհիների մի խումբ նաև ֆլեշմոբ է անցկացրել՝ լուսանկարվելով ոճավորված հայկական «կոպի» գլխազարդերով։
Հայկական ժողովրդական երգեր ֆեյսբուքյան էջը երգի մասին գրում է. «Ըստ թուրքական ավանդության երգի պատմությունը հետևյալն է. մի թուրք տղա սիրահարվում է մի հայ աղջկա, բայց վերջիս ամուսնանում է ուրիշի հետ, քանի որ տղան մուսուլման էր, իսկ ինքը` քրիստոնյա:
Թուրքիայում Կոնսերվատորիա ընդունվելու համար պարտադիր պայման է երգել «Սարի Գելին» երգ` ըստ նրանց թուրքական ազգային երգ: Թուրքական ազգային արժեքները երիտասարդների մեջ ավելի լավ սերմանելու համար 2009թ-ին Թուրքիան Հայոց Ցեղասպանությունը ժխտող մի ֆիլմ ցուցադրեց դպրոցներում «Սարի Գելին» (Դեղին հարս) անվանումով: Ֆիլմը մեծ աղմուկ բարձրացրեց Թուրքիայում և հատկապես երիտասարդների շրջանում, քանի որ նրանց բռնի կերպով ստիպել էին դիտել այն:
Երկու տարի անց էլ Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն թուրքական հեռուստաալիքներից մեկով հարցազրույցի ժամանակ ասաց, թե հայերին պետք է հիշել «Սարի Գելին» երգով, քանի որ այն հայկական է և նաև երգեց այն` բնականաբար թուրքերենով: Սա իհարկե դուր չեկավ «եղբայր» Ադրբեջանին և նա էլ վիրավորվեց, որ իր «բարեկամը» հեռուստատեսությամբ ադրբեջանական ազգային երգը անվանում է հայկական:
Ադրբեջանում էլ յուրաքանչյուր իրեն հարգող էստրադային աստղ, ով նոր է մուտք գործում էստրադա, պետք է այս երգով մուտք գործի ու իր գործունեության ընթացքում հաճախ կատարի այն»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան