Պարտադիր կուտակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե ԱԺ-ում արդյունքներ չգրանցվեն, դիմելու են ՍԴ (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում մինչև պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքի վերաբերյալ քննարկումը խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել օրենքի ընդդիմախոսները: Նրանք մասնավորապես, դեմ են պարտադիր բաղադրիչի կիրառմանը, որի պարագայում 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնվածները ստիպված են լինելու ամսական աշխատավարձից 5 տոկոս վճարել կուտակային հիմնադրամին` հետագայում կենսաթոշակ ստանալու ակնկալիքով: Բողոքող երիտասարդները պնդում են, որ պարտադիր բաղադրիչն իրենց պարտադրելը իրավունքների խախտում է:
Խորհրդարանի 4 ոչ իշխանական խմբակցությունները` ՀԱԿ-ը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Դաշնակցությունը և «Ժառանգությունը», միասին հավաքել են 49 ստորագրություն, և այժմ օրենքը քննարկվում է խորհրդարանի դահլիճում: Խորհրդարանականները պահանջում են կառավարությունից մեկ տարով հետաձգել պարտադիր բաղադրիչի կիրառումը:
Այսօրվա ակցիան, որը տեղի էր ունենում փաստորեն, ՌԴ նախագահի` Հայաստան կատարած այցի ժամանակ, ոստիկանության ծառայողները ամեն կերպ փորձում էին հորդորել կազմակերպիչներին հետաձգել: Սակայն ակցիայի մասնակիցներն իրենց հերթին պահանջում էին բացատրել, թե ինչու իրենք իրավունք չունեն խաղաղ ակցիա անցկացնել, բարձրաձայնել իրենց մտահոգությունները: Եվ ոստիկաններից մեկն անկեղծացավ, ասաց, որ «այսօր էն օրը չի էսպիսի շենքերի մոտ կուտակումներ պետք չեն» և հորդորեց ըմբռնումով մոտենալ իրենց խնդրանքին:
Բողոքի ակցիայի մասնակիցներին հետո միացան ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, այնուհետև` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ու Դաշնակցություն խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:
Նաիրա Զոհրաբյանը բողոքի ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ օրենքի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին հարցի քվեարկությունը կկազմակերպվի վաղը, դեկտեմբերի 3-ին, ժամը 12:00-ին ԱԺ նիստում: «Պարտադիր բաղադրիչը անպայման պետք է հանվի, սա պարտադիր պահանջ է», -հավելեց Նաիրա Զոհրաբյանը:
ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ Հանրապետական ու «Օրինաց երկիր» խմբակցությունները հայտարարել են իրենց ցանկությունը վիճակը չփոխելու մասին: «Բայց մենք կկարողանանք գոնե լսելի դարձնել մեր այն հիմնական մտահոգությունները, որոնք կան օրենքի հետ կապված և հնարավորություն տանք իրենց սխալը թեկուզ մասնակի ուղղեն», -նկատեց Արծվիկ Մինասյանը:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ընդդիմախոսները վճռական են` եթե խորհրդարանում արդյունքներ չգրանցեցին, դիմելու են Սահմանադրական դատարան:
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա