Բացվեց «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը. «Միջազգային բրենդի ներկայությունն արդեն իսկ կարևոր միջոցառում է»
Երևանում՝ Հանրապետության Հրապարակի հարևանությամբ, բացվեց «Հայաթ Փլեյս» հյուրանոցային ցանցին պատկանող «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցը, որը առաջին «Հայաթ Փլեյս» ապրանքանիշով հյուրանոցն է Եվրոպայում: «Այս կարգի հյուրանոց Ամերիկայից դուրս առաջինն է Եվրոպայում: Այս հյուրանոցն ավելի կատարելագործված է, որը ենթադրում է բոլոր տեսակի ծառայությունների մատուցում, այդ թվում նաև ֆիթնես մարզասրահ, հանդիպումների դահլիճ, ռեստորան: Հյուրերի համար մենք ապահովել ենք լավագույնը»,-հյուրանոցի բացումից հետո լրագրողներին ասաց «ԻնտերԱրմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը:
«ԻնտերԱրմ» ընկերությունը հյուրանոցի սեփականատերն է: 12 տարի է համագործակցում է «Հայաթ հոթելզ քորփորայշնի» հետ, որը բարձրակարգ հյուրանոցային ցանցեր կառավարող և շահագործող ամերիկյան ընկերություն է:
Հյուրանոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2011թ., ավարտվել՝ ընթացիկ տարում: Հյուրանոցի կառուցման ուղղությամբ մինչ այժմ ներդրվել է շուրջ 15 մլն ԱՄՆ դոլար: 10 հարկանի և մոտ 7.0 հազ. մ2 ընդհանուր մակերեսով այս հյուրանոցում բացվել է 80 աշխատատեղ՝ 200.0 հազ. դրամ միջին աշխատավարձով:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Հայաթ Փլեյս Երևան» հյուրանոցի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:
Հայաստանում «Հայաթ Փլեյս Երևան»-ի բացումը, ըստ հյուրանոցի սեփականատեր «Ինտեռարմ-Մ» և հյուրանոցի կառավարումն իրականացնող «Հայաթ Հոթելզ Քորփորեյշն» ընկերությունների պատասխանատուների, որոշակիորեն կխթանի հյուրանոցային արդյունաբերությունում ծառայությունների որակի բարելավումը: Ակնկալվում է նաև, որ նոր հյուրանոցի մուտքը շուկա կնպաստի ոլորտում մրցակցային միջավայրի բարելավմանը ինչպես ցանցային, բրենդային հյուրանոցների շրջանում, այնպես էլ ընդհանրապես հանրապետության հյուրանոցային արդյունաբերության մեջ:
Սամվել Սարգսյանը լրագրողներին ասաց, որ միջազգային բրենդի ներկայությունն արդեն իսկ կարևոր միջոցառում է: Նա նշեց, որ առաջիկայում Ջերմուկում էլ են բացելու հյուրանոց, որը ավելի մեծ նշանակություն կտա առողջարանային այդ քաղաքին: «Հայաստանը գրավիչ երկիր է: Զբոսաշրջիկները տարեցտարի ավելանում են»,- ասաց նա՝ հավելելով, որ կարող են տուրիստական լուրջ երթուղի մշակել՝ 10-12 օրյա՝ Երևանից հյուրերին տեղափոխել Ջերմուկ, այնտեղից Տաթևի ճոպանուղի, նաև Արցախ, ապահովելով նորմալ սնունդով, քնելու վայրերով, քանի որ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները կան: