101,1 մլն դոլարի ներդրում՝ Զվարթնոցում, վարչապետը կողմ է հին մասնաշենքի ճարտարապետական ժառանգությունը պահպանելուն
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատվեց «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների կողմից ներկայացված 2013-2017 թվականների «մաստեր պլանը», որի համաձայն` կիրականացվի շուրջ 101,1 մլն դոլարի ներդրում: Մաստեր պլանով նախատեսվում է սպասարկման որակի բարձրացում, նոր տեխնոլոգիաների ներմուծում, «Զվարթնոց»-ի կառավարչի կողմից իր պայմանագրային պարտավորությունների առավելագույնս մեծ ծավալով ու ճշգրիտ կատարում, ուղևորների սպասարկման ընթացակարգերի շարունակական պարզեցում, որոնք կարող են բերել ուղևորափոխադրումների աճի, ինչը դրական ազդեցություն կունենա տնտեսության զարգացման վրա:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ այս ներդրումների շնորհիվ «Զվարթնոց» օդանավակայանը, որը ի շնորհիվ կոնցեսիոների կողմից կատարած աշխատանքների` ճանաչվել է ԱՊՀ շրջանակներում լավագույն օդանավակայանը, մի կողմից հնարավորություն կտա բարձրացնելու մատուցվող ծառայությունների որակը, մյուս կողմից կզարգանա տուրիզմը: «Սա մեզ համար գերակա խնդիր է: Մենք չենք կարող թերագնահատել օդանավականի կարևորությունը մեր երկրի կյանքում»,- ասաց վարչապետը:
Նա միաժամանակ նշեց, որ այս պահի դրությամբ առկա է մեկ խնդիր, որի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում: Խնդիրը վերաբերում է օդանավակայանի կլոր մասնաշենքի քանդմանը, որը ներկայացրել է կոնցեսիոները:
«Հասկանալի է, որ կլոր մասնաշենքը ֆիզիկապես քայքայված վիճակում է: Փորձագետների գնահատականների համաձայն` պահանջվում է 15-20 մլն դոլարի ներդրում: Դա չափազանց ծախսատար գործառույթ է, դրա համար առաջարկվում է ճարտարապետական այլ լուծումներ այս հարցի շուրջ: Սովետական մոդեռնիզմի մասնաշենք է, բնականաբար մեր ճարտարապետները այդ առումով ներկայացնում են լրացուցիչ քննարկման անհրաժեշտության խնդիրը, և մենք պետք է նույնպես դիմենք կոնցեսիոներին, որպեսզի այդ լրացուցիչ քննարկումները տեղի ունենան և գտնվեն այնպիսի լուծումներ, որպեսզի պատմամշակութային, ճարտարապետական արժեք ներկայացնող հուշարձանները մենք կարողանանք ինչ-որ ձևով պահպանել»,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, կա հետաքրքիր առաջարկ, որը նույնպես իմաստ ունի քննարկել: Մասնավորապես, ըստ վարչապետի, առաջարկվում է օդանավակայանի տարածքում կառուցել մի ճարտապետական լուծումով այգի, որտեղ կտեղակայվեն ճարտարապետական հուշարձանները: «Ժամանակին մեր քաղաքի դեմքը հանդիսացող ճարտարապետական կոթողները կարող են այդ այգում տեղակայվել»,- ասաց Տ.Սարգսյանը:
Նա ասաց, որ նման փորձ կա Բրյուսելում՝ Մինի Եվրոպա թաղամասը, որը տուրիզմի համար մեծ գրավչություն է ներկայացնում և հագեցած է եվրոպական նշանակալի ճարտարապետական հետաքրքիր լուծումներ ունեցող կոթողներով: «Միգուցե մեր ճարտարապետների հետ կկարողանանք այնպիսի լուծումներ գտնել, որ պահպանենք մեր ժառանգությունը, այդ թվում՝ սովետական մոդեռնիզմից ստացած ժառանգությունը»,- ընդգծեց վարչապետը:
Տ.Սարգսյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին հանձնարարեց այդ մասին տեղեկացնել կոնցեսիոներին, ինչպես նաև նախաձեռնել այդ քննարկումները, որպեսզի այս վիճահարույց հարցը նույնպես կարողանան լուծել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին