Դիվերսիայի զոհ դարձած Արմենի խոսքերն են՝ «Պոստ պահող տղերքը թագավոր տղերք են»
«Ես իմ տղայի խոսքերն եմ փոխանցում՝ պոստ պահող տղերքը թագավոր տղերք են: Շնորհավորում եմ բոլոր տղաներին»,- լրագրողներին ասաց նախագահական նստավայրում Հայոց բանակի 22-րդ տարեդարձի առիթով պետական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա ադրբեջանական վերջին դիվերսիոն հարձակման ժամանակ զոհված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մայրը:
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնական արիության, մասնագիտական բարձր պատրաստվածության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» Առաջին աստիճանի մեդալով:
Արմենի մեդալը նախագահը հանձնեց նրա ծնողներին: Մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին Արմենի հիշատակը:
«Նա գիտակցել է, թե ինչ քայլի է գնում: Շատ հպարտ եմ իմ որդով: Առաջին օրերին վիշտն այնքան խորն էր, որ լրիվ դատարակություն էր իմ մեջ: Հետո, երբ ամբողջ աշխարհը խոսեց իմ զավակի մասին, այդ դատարկությունը քիչ-քիչ լցվում է: Մինչև Արմենիս մոտ գնալը կզգամ, ինձ հետ կտանեմ այդ հպարտության զգացումը» - ասաց Արմենի մայրը:
Արմենի հայրը՝ Լևոն Հովհաննիսյանը, հայ զինվորներին անամպ երկինք, արիություն մաղթեց, խորհուրդ տվեց երբեք չհուսահատվել ու չվախենալ:
«Որպես հերոս տղայի հայր, հպարտ եմ: Թող տղաս վերջին զոհը լինի, թող հերոսները շատ լինեն, շարունակեն ապրել իրենց հայրենիքում»,- ասաց Լ. Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրվել են հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր: ԼՂՀ զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողությունները, երկու ուղղություններում էլ անցել են կազմակերպված պաշտպանության և հակառակորդին պատճառելով զգալի մարդկային և նյութական կորուստ՝ հետ շպրտել իր ելման դիրքերը: Բռնկված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից՝ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում իր առջև դրված մարտական խնդիրը արիաբար կատարելու ժամանակ զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը:
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան