Մայրաքաղաքում հայտնաբերվել են թերի մակնշված և ժամկետանց ձվեր
ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումների արդյունքում հայտնաբերել է թերի մակնշված կամ ժամկետանց ձվերի խմբաքանակ: Panorama.am-ի թղթակցին Ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը հայտնեց, որ ձվի նշված խմբաքանակը հայտնաբերվել է մայրաքաղաքում և շուկայից ամբողջությամբ դուրս է բերվել:
Ըստ նրա` թերի մակնշմամբ ձվերը ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, իսկ ժամկետանց ձվերի վաճառքը կասեցվել և ոչնչացվել է: Մինչև փետրվարի 13-ը Ծառայությունը կշարունակի դիտարկումներ անցկացնել ձվի շուկայում:
«Եթե հայտնաբերվեն թերի մակնշված կամ ժամկետանց ձվեր, դրանց վաճառքը կկասեցվի: Մեր ուշադրության կենտրոնում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի խանութները»,- նշեց Ա.Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ ձվի շուկայում դիտարկումներն անցկացվում են Ծառայություն ստացված բողոքների, ինչպես նաև մամուլում եղած հրապարակումների հիման վրա, ըստ որի` խանութներում վաճառվում են ներկրված ժամկետանց ձվեր՝ 3 ամիս պիտանիության ժամկետով: Տեխնիկական կանոնակարգի համաձայն` ձվի ժամկետայնությունը մինչև 25 օր է:
Նշենք, որ մամուլում հրապարակված տեղեկատվության համաձայն` ժամկետանց ձվերի խմբաքանակը Ուկրաինայից Հայաստան է ներմուծել «Սովռանո» ընկերությունը: Ա.Սուքիասյանը նշեց, որ «Սովռանո»-ն ձու ներկրող ընկերություններից մեկն է, սակայն չեն կարող ասել, թե հենց այդ ընկերությունն է ներկրել ժամկետանց կամ թերի մակնշված ձվերի խմբաքանակը:
Նախորդող` Արդյոք շուկայում վաճառվում են ժամկետանց ձվեր. Դիտարկումներ` ձվի շուկայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան