Խորհրդարանական մեծամասնությունը գազի մասին հարցը առաջարկում է քննարկել դռնփակ
ԱԺ պատգամավորների 1/3-րդի նախաձեռնությամբ ներկայացված Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ԱԺ որոշման նախագծի քննարկման ժամանակ հարակից զեկուցող ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ նախագծով առաջարկվում է նոր ստեղծվելիք հանձնաժողովի նիստերն անցկացնել դռնփակ:
«Հարցը քաղաքական առումով շատ զգայուն հարց է և եթե մեր նպատակը զուտ քաղաքական դեբատները չեն, իսկ դա շատ ողջամիտ նպատակ է, բայց այս դեպքը ուրիշ է: Մենք այս պարագայում խոսում ենք յուրաքանչյուր սպառողի շահերի լավագույն պաշտպանության մասին: Սա ինքնանպատակ չէ: Սրա բուն նպատակը իրավիճակը բարելավելն է, այլ ոչ թե զուտ քաղաքական դեբատները», -նիստերը դռնփակ անելու պատճառները այսօր ԱԺ նիստում ներկայացրեց Դավիթ Հարությունյանը:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի կազմին, ապա հարակից զեկուցողի խոսքով, այն պետք է լինի հավասարակշռված` և իշխանական, և ընդդիմադիր ուժերը հավասարաչափ պետք է ներկայացված լինեն հանձնաժողովի կազմում:
«Հավասարակշռված կազմը հնարավորություն կընձեռի, որպեսզի իշխանական ուժերի և ընդդիմադիր ուժերի մեկական ներկայացուցիչ այս կամ այն խնդրի նախապատրաստման համար կատարեն այն անհրաժեշտ աշխատանքը, որը արդյունավետ կդարձնի հանձնաժողովի աշխատանքը», -նկատեց Հարությունյանը:
Գազամատակարարման համակարգի գոևրծունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը ուսումնասիրելու է ոլորտի հետ կապված մի քանի խնդիրներ` սպառողների շահերի պաշտպանության ներկայիս վիճակը, գազի դիմաց կուտակված պարտքի հարցը, այսինքն` պարտքի ձևավորման օրինականությունը, «ՀայՌուսգազարդ» ընկերության օտարված բաժնեմասի գնահատման գործընթացը, ընդհանրապես բնական գազի այլընտրանքային ներկրման խնդիրը, գազի գնի հարցը սահմանին և սահմանից ներս:
Հանձնաժողովի նիստերի դռնփակ լինելը մի քանի պատգամավորների շրջանում դժգոհության ալիք բարձրացրեց: Մանսավորապես, Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ գործընթացի թափանցիկության խնդիր կա և անհրաժեշտ է նիստերն անցկացնել դռնփակ: Քոքոբելյանի մտահոգություններին ի պատասխան Դավիթ Հարությունյանն արձագանքեց. «Ոչ վատ իմաստով, յուրաքանչյուր պատգամավոր շոումեն է, երբ մենք խոսում ենք բովանդակային աշխատանքի մասին, ապա այդ հատվածը կարող է մեզ խանգարել: Նիստից հետո յուրաքանչյոււր պատգամավոր կարող է բաց արտահայտվել Քաղաքական շոուն կվտանգի բովանդակային մասը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան