Քեսաբի հայերին օգնություն է անհրաժեշտ, հայկական կողմը քայլեր ձեռնարկում է
Մարտի 22-ին զինված խմբավորումների հարձակումներից պաշտպանելու համար Սիրիայի հայաբնակ Քեսաբից տարհանված հայերը Լաթաքիայում օգնություն են ստանում, նախնական տվյալներով 600 ընտանիք է տարհանվել:
«Ամեն ինչ անում ենք, որպեսզի իրենց օգնության հասնենք: Քեսաբից մոտ 50 կմ հարավ գտնվող Լաթաքիայում են՝ հայկական եկեղեցում և տեղի հայկական կառուցներում: Մարդիկ դուրս են եկել և իրենց հետ ոչինչ չեն վերցրել՝ ոչ հագուստ, ոչ առաջին անհրաժեշտության պարագաներ: Բարեբախտաբար, զոհերի մասին ոչ մի արձանագրում չկա: Պետք է Քեսաբի պատասխանատու վարչական մարմիններին շնորհակալություն հայտնենք, որ այդ բոլոր ընտանիքներին տարհանել է և բերել Լաթաքիա»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը:
Նա հայտնեց, որ այն հայերը, ովքեր ազգականներ ունեն, ապաստանել են նրանց տանը. «Մենք հիմա առաջին հերթին մարդասիրական օգնություն ենք կազմակերպել՝ մատրասներ, ծածկոցներ և տնտեսական պարագաներ»:
Նա նշեց, որ ռազմական գործողություններ են, թե ինչ ընթացք կստանան, ինչպես կլինի ոչ ոք չգիտի. «Ամեն ինչ անում են, որպեսզի կայություն լինի: Քեսաբը ոչ միայն հայկական բնակավայր է, այլև սահմանային գոտի է, և հայտնի է, որ թուրքական սահմանին արդեն ինչ-որ գործողություններ են: Թուրքիայի կողմից վտանգը միշտ կա: Այնուամենայնիվ, խոսք կա և մեզ վստահեցրել են, որ ամեն ինչ պիտի անեն: Օգնության մակարդակը շատ լավ է: Ամեն աշխատանք տարվում է, իսկապես այս օրերին մի քիչ դժվար է: Հիմնականը և կարևորն այն է, որ պետք է ամեն կերպ օգնության հասնենք՝ մարդկային իմաստով: Այստեղ նաև Շտապ օգնության մարմին կա, որ համակարգում է ամբողջ աշխարհից հավաքված օգնությունները: Լաթաքիայի և Քեսաբի մարմինն ամեն ինչ անում է, որպեսզի օգնություն հասնի բոլորին»:
Քեսաբից տարհանված հայերին Հայաստանի կողմից օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որոշակի քայլեր են ձեռնարկվում, բայց դրանք հրապարակման ենթակա չեն: Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Հարցին՝ նախատեսվո՞ւմ է նրանց Հայաստան տեղափոխումը, Տիգրան Բալայանը պատասխանեց. «Ինչպես բոլոր սիրիահայերի համար, պարզեցված ընթացակարգ է գործում Հայաստան տեղափոխվելու, քաղաքացիության և մուտքի արտոնագրերի տրամադրման: Եթե նրանց մոտ ցանկություն առաջանա, մենք կընդառաջենք»:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում էլ Քեսաբի հայերին օգնության էջ է բացվել: Նաև հաշվեհամար բացելու և մարդկանց օգնելու համար դրամահավաք անելու առաջարկ կա:
Հավելենք, որ հայաբնակ Քեսաբ շրջանի վրա թուրքական սահմանի կողմից սկսված հարձակումից հետո իրավիճակին հետևում է նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, փոխանցում է «Բերիո լուրեր»-ը։
Վեհափառը կապեր է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի և Լիբանանի հոգևոր, համայնքային և քաղաքական պատասխանատուների հետ և խորհրդակցություններ անցկացրել։ Արամ Ա-ն կապվել է Սիրիայի նախագահական պալատի հետ, նա պահանջել է նոր ջոկատներ ուղարկել Քեսաբ հայությանը պաշտպանելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ, Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում Սիրիայի դեսպանին, ով տեղեկացրել է, որ, ըստ հստակ տեղեկությունների, Թուրքիան քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ ու ծանր զենք է տրամադրել նրանց: Դեսպանի խոսքով, ամեն բան արվում է կայունություն ապահովելու համար: Բաշար ալ Ասադը վերահաստատել է Քեսաբում անվտանգությունն արագորեն վերահաստատելու հանձնառությունը` միաժամանակ նշելով, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Վեհափառ հայրապետի հետ։
Հայերը Քեսաբում են հայտնվել հնագույն ժամանակներից: Բնակչության թիվը զգալի աճել է 16-րդ դարում: 20-րդ դարասկզբին նրանց թիվը կազմում էր 6000, իսկ 1915 թվականին Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանությունից հետո` 8000: Սակայն 1950-ական թվականների սկսվում է քեսաբահայերի արտագաղթը: Նրանց մի մասը` 2000-2400, տեղափոխվում է Հայաստան, իսկ մյուսները` ԱՄՆ, Կանադա, Եվրոպա և այլուր: Ներկայում Քեսաբում բնակվում է 1500-1800 հայ: Այստեղ կան հայկական վարժարաններ: Առաքելական համայնքին զուգահետ գործում են Ավետարանական և Կաթողիկե համայնքները:
Գլխավոր կրթական հաստատությունը` Ազգային Ուսումնասիրաց վարժարանը, հիմնվել է 1848 թվականին: 1880-ական թվականներին կառուցվում է Ս. Աստվածածին եկեղեցին: Քաղաքացիական պատերազմի ընթացքում մեծ թվով հալեպահայեր տեղափոխվել էին Քեսաբ:
Նախորդիվ՝
Քեսաբի հայերը ապաստանել են Լաթաքիայի Ս.Աստվածածին եկեղեցում
Սիրիական զինյալները Թուրքիայի կողմից հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին