Իրանի միայնակ մնացած հայկական եկեղեցիները
Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը վերջերս իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել էր, որ իրանահայերի 98-99 տոկոսը (շուրջ 100 հազար մարդ) Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է, իսկ 1-2 տոկոսը՝ Կաթոլիկ և Բողոքական եկեղեցիների հետևորդներ են:
Տարբեր տվյալների համաձայն՝ մինչև 1979թ. Իրանում տեղի ունեցած իսլամական հեղափոխությունը, իրանահայերի թիվը կազմել է 200-250 հազար:
Ներկայում Հայ Առաքելական Եկեղեցին Իրանում ներկայացված է երեք՝ Ատրպատականի, Թեհրանի և Իսֆահանի հայոց թեմերով, իսկ ԻԻՀ Մեջլիսում իրանահայության շահերը ներկայացնում են երկու պատգամավորներ:
Իսլամական հեղափոխությունից հետո, թեև երկրի սահմանադրությամբ՝ իրանահայ համայնքին տրվել են բացառիկ իրավունքներ և հնարավորություններ, սակայն դժբախտաբար վերջին տարիներին իրանահայերի թիվն օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով նվազում է:
Այսօր Իրանում կան բնակավայրեր, որտեղ գտնվում են հայկական եկեղեցիներ ու դպրոցներ, սակայն ցավոք այդ բնակավայրերում այլևս հայեր չեն ապրում և դրանք մնացել են միայնակ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը.
Իրանի Իսֆահան նահանգի Ֆերեյդունշահր բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամ եկեղեցին է, կառուցված՝ 18-րդ դարում:
Անահիտ Բարսեղյանը Ֆերեյդունշահրում բնակվող միակ քրիստոնյան է, որը փաստացի համարվում է Ս. Մարիամ եկեղեցու միակ այցելուն և պահապանը:
Իրանի Խորասան-է Ռազավի նահանգի Մաշհադ քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ եկեղեցին է, կառուցված՝ 1940թ.: Եկեղեցին հայկական համայնքի բացակայության պատճառով այլևս չի գործում:
Մաշհադի հայկական «Արիան» դպրոցի կիսավեր շենքը:
Հավելենք, որ Թեհրանի Թեմի Կրթական խորհրդի տրամադրած տվյալների համաձայն՝ Թեհրանի հայկական դպրոցներում սովորող աշակերտների թիվը 2013-2014 ուս. տարում նվազել է շուրջ 7,5 տոկոսով: Նախորդ՝ 2012-2013 ուսումնական տարվա ընթացքում հայկական դպրոցներում սովորել է 2860 երեխա, մանկապարտեզներում՝ 202, նախակրթարանում՝ 196, տարրականում՝ 1259, ուղեցույցում՝ 506 և միջնակարգում 697 աշակերտ:
Հեղինակ՝ Արմեն Իսրայելյան