Հայի ինքնության պահպանման ամենամեծ գրավականը լեզվի մեջ է. Ա. Քարամյան
Հայի ինքնության պահպանման ամենամեծ գրավականը լեզվի մեջ է: Հանրակրթական դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատություններն այդ հարցը լուծում են, քանի որ հայի ինքնությունը հայոց լեզուն է: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արսեն Քարամյանը` պատասխանելով հարցին, թե պետական մակարդակով, ինչ քայլեր են արվում, որ երիտասարդությունը չհեռանա ազգային արժեքներից ու մշակույթից:
«Լեզվից ածանցվում է մշակույթը, պատմությունը և այլն: Ես կարծում եմ, որ բավարար չափով այսօր մեր հայ երիտասարդները տոգորված են ազգային մշակույթի ելևէջներով, ազգային նպատակների ի կատար ածմամբ: Այդտեղ մենք խնդիր չունենք: Սա հատուկ է բոլոր փոքր ազգերին, որոնց ինքնապահպանման բնազդը սովորաբար ավելի բարձր է լինում: Ես կարծում եմ, որ այդ խնդրի կարգավորումը բավարար չափով իրականացվում է, մենք էլ, մեր նախարարության իրավասության շրջանակներում բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք միտված են դրանց առօրյա շարունակական զարգացմանը»,- ասաց նա:
Արսեն Քարամյանը նշեց, որ կան բազմաթիվ հասրակական կազմակերպություններ, որոնք զբաղված են երիտասարդների հիմնախնդիրներով, դրանց ճնշող մեծամասնությունը մշակութային ուղղվածության է: Այդ կազմակերպություններին տրամադրվում են տարբեր աջակցություններ, որպեսզի ոլորտում ծրագրեր իրականացնեն:
Ավելի վաղ ազգագրագետ, պատմաբան Մխիթար Գաբրիելյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ պետական քաղաքականության առկա կոնտեքստում մշակույթի բանաձևումն ու հանրայնացումն անհասկանալի է:
«Ազգայինն ու մշակույթը պետական քաղաքականության մեջ լավ բանաձևված չեն: Այսօր երիտասարդությանը հին բանաձևերով ազգային մշակույթին կապել, մեծ հաշվով, հնարավոր չէ: Հիմա 21-րդ դարն է, տեխնոլոգիաներն են փոխվել, աշխարհն անհամեմատ ավելի բաց է, նախասիրություններն են ուրիշ և այլն»,- ասել էր նա:
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Սայաթ-Նովա մշակութային միության հիմնադիր Թովմաս Պողոսյանն էլ այն կարծիքին է, որ այսօր օդ ու ջրի նման անհրաժեշտ է ազգային մշակույթի պետական քաղաքականությունը. «Ես չեմ տեսնում ազգային մշակույթի պետական քաղաքականության ծրագիր: Ինչո՞վ ենք ապրում, ո՞ւր ենք գնում, ինչի՞ն ենք ծառայում: Ի՞նչն է մեզ ավելի հուզում, քան ազգային մշակույթը»:
Նախորդիվ`
Ավանդական արժեքները` վերնիսաժացված. «Այն մշակույթը, որ այսօր սպառվում է մեզ մոտ, բերվում է դրսից»
«Երիտասարդությանը հին բանաձևերով ազգային մշակույթին կապել, մեծ հաշվով, հնարավոր չէ»