Տաթևիկ Հովհաննիսյանը համերգներով հանդես է գալու Հայաստանում և Արցախում
Ջազ հայտնի երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում հանդես է գալու համերգային ծրագրերով: Այս մասին տեղեկանում ենք համերգների կազմակերպիչ «AZD production»-ի պաշտոնական էջից:
Երգչուհին երկու համերգ ունենալու է Երևանում՝ հունիսի 28-ին Յանս ակումբում և հուլիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հունիսի 30-ին՝ Գյումրիում, հուլիսի 2-ին՝ Ստեփանակերտում:
Տաթևիկ Հովհաննիսյանը խորհրդային ջազ վոկալի «թագուհին» է, ինչպես նաև` «Էլլան Երևանից» և այժմ ԱՄՆ մեկնելուց բազում տարիներ անց դեռևս անգերազանցելի է ջազային մեյնսթրիմում: Այդ ամենից զատ, երգչուհու կատարողականությունն առանձնանում է հայկական ժողովրդական երաժշտության վառ կոլորիտով:
Առաջին անգամ հայտնվելով մեծ բեմում 70-ականներին Պետական նվագախմբի կազմում` Կոստանդին Օրբելյանի ղեկավարությամբ, Տաթևիկ Հովհաննիսյանն անմիջապես աչքի է ընկում: Իննը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի: Այդ տարիներին նա խիստ պահանջարկված էր. ելույթ էր ունենում ձայնագրվում էր Իգոր Բրիլի անսամբլի, Թիիթ Պաուլուսի էստոնական տրիոյի, Գունարա Ռոզենբերգի` Ռիգայի բիգ-բենդի հետ, նրա ձայնը հնչել է ռադիոյով և հեռուստատեսությամբ:
80-ականներին ճակատագրի բերումով Տաթևիկ Հովհաննիսյանը հայտնվում է ԱՄՆ-ում և բնակություն հաստատում Նյու Յորքում: Նրան հաջողվում է ջազի հայրենիքում նույնպես ապացուցել սեփական «ես»-ը, և այս բոլոր տարիներին հավատարիմ է իր կոչմանը` երգում է ջազ: Նա տասնյակ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ավստրալիայում, մասնակցել է միջազգային փառատոնների: