Ճարտարապետը դեմ է Միկոյանի արձանը տեղադրելու որոշմանը, գրողն էլ դա համեմատում է Թալեաթի արձանը դնելու հետ (Տեսանյութ)
Մայրաքաղաքում Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման հարցը իսկական աժիոտաժ է առաջացրել ցանցային հասարակության մոտ: Սոցցանցերից թեման արդեն տեղափոխվել է մամուլի ակումբներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, անդրադառնալով քաղաքապետարանի որոշմանը, նշեց, որ փողոցների անվանումները, արձանները պետք է լինեն հավերժ կատեգորիաներ: Նման դեպքերում զգուշավորություն է հարկավոր:
«Միկոյանը խորհրդային տարիների խոշորագույն անձանցից մեկն էր: Ժամանակի կարգերին համապատասխան դաժան ու կտրուկ էր և արել է շատ բաներ, որ այսօր մեր ժողովուրդը չի կարող ընդունել»,- ասաց ճարտարապետն ու հավելեց, որ արձանը չպետք է դնել ընդհանրապես:
Գրող Հուսիկ Արան փոքր տարիքից մշտապես լսել է, թե հանրությունն ինչ բացասաբար է արտահայտվել Միկոյանի մասին: Նրա խոսքով, հարկավոր է հասարակական լսումներ անցկացնել, քանի որ հասարակության շրջանում անհանգստություն կա:
«Ինչո՞ւ Լենինի արձանը հանեցիք, դե էդպես է, բերեք Թալեաթինն էլ դնենք»,- ասաց գրողը:
Հուսիկ Արան Միկոյանի արձանի տեղադրումը դիտարկում է նաև Մաքսային միությանն անդամակցության համատեքստում:
Սոցիալիստական աշխատանքի հերոս Անաստաս Միկոյանի արձանի տեղադրմանը դեմ արտահայտվողները հիշեցնում են 1937-38թթ արխիվային փաստաթղթերի մասին, որոնց համաձայն, Անաստաս Միկոյանը Խորհրդային Հայաստանի համար վտանգավոր համարվող անձանց վերացնելու նպատակով նամակ է ուղարկել Մոսկվա` խնդրելով գնդակահարման ու ձերբակալման ենթակա հայերի թիվը ավելացնել 1500-ով:
Անաստաս Միկոյանի արձանը Երևանում տեղադրելու որոշումը կայացվել է Երևանի ավագանու ապրիլի 30-ի նիստում, կողմ են քվերակել ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան