Չինարի սահմանապահ ամուր գյուղը. Մեծերի խնդիրներն ու փոքրերի երազանքները (Տեսանյութ)
«Չինարին հզոր է,
թուրքը մեր դեմ անզոր է»:
Չինարիի փոքրիկների ամենասիրելի բանաստեղծությունն է: Երեխաներն ապրում են թշնամու նշանառության տակ, ճանաչում ամեն մի կրակոցի ուղղությունը և տարբերում զենքերը` նույնիսկ արձակված կրակոցի ձայնով:
«Ամենաշատը ДШК-ից են կրակում»,- ասում են նրանք` ցույց տալով ադրբեջանական դիրքերը:
Հրադադարից հետո թշնամին Չինարի և մյուս սահմանամերձ գյուղերը միշտ էլ պահում է կրակի տակ:
«Երբեք կրակոցները չեն դադարել: Միշտ էլ, չգիտեմ ինչու, կրակի տակ է վերցրել գյուղի, հողի աշխատավորին: Երբեք չի թողել, որ մենք խաղաղ աշխատենք: 700 հա գյուղատնտեսական նշանակության հողեր գտնվում են թշնամու վերահսկողության ներքո, չեն մշակվում: Միայն ներքևի մի փոքր հատվածն ու խաղողի այգիներն են մշակվում, որոնք մի քիչ ավելի ապահով տարածքում են: Գյուղացիները խաղողագործությամբ և անասնապահությամբ են զբաղվում»,- ասում է Չինարիի համայնքապետ Սամվել Սաղոյանը:
Նրա խոսքով, չինարեցին արդեն սովորել է, ցանկացած մանուկ գիտի` ինչպես պաշտպանվել: Միայն առաջին գնդակն է վտանգավոր:
Բարեբախտաբար բնակարանների միայն քսան տոկոսն է դիմային մասով դեպի թշնամին, այդ թաղամասերի վրա էլ հիմնականում լինում են կրակոցները:
Գյուղի վերջին տունը թշնամու դիրքից 600 մետր է հեռու, գերեզմանատունը` մոտ 700, մանկապարտեզը` 800: Թշնամու ուղիղ հենակետի դիմաց գործում է դպրոցը: Մանկապարտեզում ունեն 22 երեխա, դպրոցում` 119:
«Բայց մենք կարողանում ենք ապրել: Վերջին շրջանում երկու հանգուցյալ ունեինք, չթողեցին անգամ հուղարկավորենք, կրակեցին թափորի վրա: Ստիպված էինք գիշերը հուղարկավորել: Համայնքը այսպես գոյատևում է: Չինարեցիները երբեք վախից չեն փախել: Բայց գյուղում ապրում են, չունեն աշխատանք, չեն կարողանում հողերը մշակել… եթե տեխնիկան է մոտենում, կարող են ցանկացած պահի վնաս հասցնել»,- ասում է գյուղապետը:
Սամվել Սաղոյանը պատմում է, որ նախորդ տարի համարձակության են դիմել, վերևի տարածքներում ցորեն են ցանել, կոմբայնավարը զրահաբաճկոնով է աշխատել, գյուղապետն էլ` կողքին կանգնած, որպեսզի կարողանան հացը վաստակել:
Այս տարի, սակայն, բացի կրակոցներից, բերքը վնասել է նաև ցրտահարությունը: Գյուղի բնակիչ Սամվել Վանյանը ասում է, որ այգիների 50 տոկոսը վնասվել է ցրտահարությունից և դժգոհում, որ պետության կողմից այդպես էլ ուշադրություն չի հատկացվել:
«Մեր կառավարությունը ուշադրություն չդարձրեց դրան: Այդքան ասում են սահմանային գյուղ է, բայց անուշադրության է մատնված: Կրակոցներն էլ իրենց հերթին արմատներն են վնասել: Էնքան որ, սովորական է դառել: Ստիպված ենք, աշխատում ենք, այգիները չենք թողնում»,- ասում է գյուղացին և խնդրում, որ օգնեն իրենց` ցրտահարության հետևանքները հաղթահարել:
Նրա խոսքով, մեծ է օգնությունը գյուղից գնացած և արտասահամնում ապրող գյուղացիների կողմից:
Մեծերի խնդիրներին խառնվում են երեխաների ցանկություններն ու երազանքները: Նրանք երազում են խաղաղ ապրել, զինվոր դառնալ ու պաշտպանել հայրենիքը:
«Չենք վախենում»,- ասում են երեխաները:
Մայր Աթոռի կազմակերպած ուխտագնացության մասնակիցները գյուղի բնակիչների առօրյան փոխեցին, օգնեցին գոնե մի քանի ժամ կտրվել հոգսերից, օրը լցրեցին երգ ու պարով:
Չինարիի միջնակարգ դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշում է, որ ուխտավորների այցը շեղեց միօրինակությունից. «Մենք մեզ շատ ուրախ և պաշտպանված ենք զգում: Եթե հայտնվում եք սահմանին, ուրեմն զենք կա ձեր ձեռքին` անկախ նրանից դա գրիչ է, երգ է, պար է, թե աղոթք: Եթե գալիս եք, ուրեմն նկատում եք, ուրեմն մեզ միայն թշնամին չի նկատում: Իսկ մենք թշնամու դեմ պայքարում ենք, մեր թիկունքն էլ ամուր է»:
Ուխտավորները եղան նաև գյուղի զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
Սուրբ Էջմիածնի միաբան, ուխտագնացությունն առաջնորդած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հուշակոթողի մոտ ուրախություն է հայտնում` խոնարհում ունենալու հնարավորության համար և Աստծուն խնդրելու, որ զոհվածների հոգիները պահի լույսերի մեջ:
Մանրամասն` տեսանյութում:
Կարդացեք նաև`
Սահմանապահ դպրոցը. Չինարիում զինվոր են բոլորը, այդ թվում` երեխաները
Մեկ օր սահմանապահ զորամասում. Սուրբ պատարագը, բանակի օրհներգն ու սարկավագի կատարումը
Մովսեսի գյուղապետ. Մենք հողերը չենք տալու, չենք գնալու, պիտի թուրքը խելք ունենա և չկրակի (Տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները