Սկանդալային բացահայտում Թուրքիայի վթարված ածխահանքի մասին
Սոցիալական ցանցերում, ապա նաև Թուրքիայի էլեկտրոնային լրատվամիջոցներում հայտնվել է մի փաստաթուղթ, որը բոլորովին նոր բացահայտում է անում մայիսի 13-ին ողբերգական վթարի ենթարկված Սոմա շրջանի ածխահանքի մասին:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, հրապարակելով վերոնշյալ փաստաթուղթը տեղեկացնում է, որ ածխահանքը մասնավոր չի եղել և 301 հանքափորի մահվան իրական պատասխանատուն հենց իշխանություններն են` ի դեմս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցության(ԱԶԿ-AKP):
Վերը նշված փաստաթուղթը մակագրված է Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության վերահսկողական ծառայության անունից և վկայում է ածխահանքում կատարված ստուգայցի և զննության աշխատանքերի մասին: Ստուգայցը կատարվել է վթարից 2 ամիս առաջ` 2014-ի մարտին: Եզրակացության մեջ հստակ արձանագրվել է, որ այդ պահի դրությամբ ածխահանքում աշխատելիս է եղել 2.948 հոգի, այդ թվում 4 կին: Փաստաթղթում հստակ նշված է, որ վերոնշյալ մարդիկ աշխատում են չափազանց վտանգավոր պայմաններում:
«Կոտորածի պատասխանատուն ԱԶԿ-ն է, ահա ապացույցը» հոդվածում նշվում է, որ նման վթարային վիճակում ածխահանքի շահագործումը շարունակելը հենց երկրի իշխանությունների մեղավորությունն է:
Իսկ «Սոմա» բաժնետիրական ընկերության ղեկավար Ալփ Գյուրքանը, որը ներկայացվում է որպես ածխահանքի սեփականատեր, իրականում ընդամենը ենթակապալառու է և պետության թույլտվությամբ շահագործել է հանքը: Ածխահանքը սեփականշնորհված չի եղել: Գյուրքանի արդյունահանած ածխի ամբողջ պաշարի վաճառքն իրականացրել է պետությունը, հետևաբար, տեղի ունեցած ողբերգության համար քրեական պատասխանատվություն են կրում նաև պետական պատկան մարմինները:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում խոշոր վթար էր տեղի ունեցել: Հրդեհի ու փլուզումների հետևանքով զոհվել էր 301 հանքափոր, իսկ 486-ը` վիրավորվել և հոսպիտալացվել: Ածխահանքի աղետը բողոքի զանգավածային ցույցերի ալիք բարձրացրեց Թուրքիայի մի շարք քաղաքներում: Եղան բախումներ ու ձերբակալություններ: Ոստիկանությունը ցուցարարների դեմ օգտագործեց արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: