Հայկական մեղրը ԵՄ երկրներ չի արտահանվում, քանի որ էկոլոգիապես մաքուր չէ. Մեղվաբույծների միության նախագահ
2013թ-ը մեղրամթերքի համար բարենպաստ տարի էր՝ կապված եղանակային պայմանների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը` հավելելով, որ նախորդ տարի մեղրի բերքը հասել է 2 հազար տոննայի: Այս տարի ևս, ըստ նրա, ակնկալվում է մոտ 2000 տոննա բերք:
Նրա խոսքերով` տեղական արտադրողները տարեկան արտադրում են 1500-2000 տոննա մեղր, և այն բավարար է ներքին շուկայի ապահովման համար: Մինչդեռ Հայաստանը շարունակում է այլ երկրներից մեղր ներկրել:
«Եթե չթողնեն, ապա չեն ներկի ու մեր մեղվաբույծների արտադրանքը կվաճառվի, իսկ ցանկացած ոլորտի զարգացումը պայմանավորված է տեղական շուկայում արտադրված հումքի վաճառքով»,- ասաց Թ.Նազարյանը:
Ինչ վերաբերում է արտահանմանը, Մեղվաբույծների միության նախագահը հայտնեց, որ թեև արտահանման թույլտվությունն արդեն կա, բայց փաստացի արտահանում դեռ չի իրականացվել:
Նշենք, որ ՀՀ կառավարությունը 2013թ-ին հաստատել է Եվրոպա արտահանվող մեղրի որակի նկատմամբ պահանջների ցանկը, ինչպես նաև համապատասխան արտոնագրերի և առողջության արտոնագրի տրամադրման կարգը: Կարգի համաձայն` արտահանվող հայկական մեղրը պետք է անցնի լաբորատոր փորձաքննություն:
«Եվրոպական երկրների հիմնական շուկա մենք չենք կարողանում մուտք գործել, քանի որ եվրամիության երկրները պահանջում են, որպեսզի Հայաստանի մեղրն անպայման փորձաքննություն անցած լինի եվրամիության երկրների չափորոշիչներին համապաստախան որևէ լաբարատորիայում: Այդ ուղղությամբ այսօր փորձում ենք քայլեր ձեռնարկել»,- ասաց Թ.Նազարյանը:
Նա միաժամանակ նշեց, որ ինքը համամիտ չէ կառավարության հետ, թե իբր հայկական մեղրի արտահանման ճանապարհը բացվել է: Այդ ճանապարհը, ըստ նրա, միշտ էլ բաց է եղել:
«Իսկ մեր մեղրը ԵՄ երկրներ չի արտահանվում, քանի որ այն էկոլոգիապես մաքուր չէ»,- ասաց նա:
Թ.Նազարյանի խոսքերով` մեղվի հիվանդություններ կան` փտախտ, սնկային հիվանդություններ, որոնք բուժվում են քիմիայով, որն էլ նշանակում է, որ մենք մաքուր մեղր չենք կարող ունենալ: Ըստ նրա` եթե մեղուներին սկսեն բուժել դեղաբույսերով, ապա կունենանք էկոլոգիապես մաքուր մեղր և արդեն արտահանման ենթակա կլինի:
Իսկ մաքուր մեղր, Թ.Նազարյանը նշեց, կարելի է ստանալ ալպիական գոտիներից և ազատագրված տարածքներից, քանի որ այդ տարածքներում աճում են բարձրորակ մեղրատու բույսեր:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան