Սակավաջուր տարի հայտարարողն առնվազն տգետ պետք է լինի կամ երկրի թշնամի. Հրաչ Բերբերյան
«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն հայտնեց օդերևութաբաններին` իրենց «ճիշտ» կանխատեսումների համար:
«Օդերևութաբանները տարին «սակավաջուր» կանխատեսեցին, իսկ մենք բավական շատ տեղումներ ունեցանք: Շատ ցավալի է, որ Երևանյան լիճն այս սեզոնին արդեն մի քանի անգամ լցվել ու դատարկվել է դեպի Արաքս: Եթե այդ ջրերը պետք է հարևան պետություն գնան, նրանց հողերը ոռոգելու, այլ հարց է, բայց այսքան անձրևների դեպքում տարին սակավաջուր համարելը ծիծաղելի է: Իսկ սակավաջուր տարի հայտարարողն առնվազն կամ տգետ պետք է լինի կամ երկրի թշնամի»,- ասաց Հ.Բերբերյանը` հավելելով, որ տարին սակավաջուր հայտարարվեց, որպեսզի Սևանից ջուր վերցնեն:
Անդրադառնալով ալյուրի գնի բարձրացմանը` բանախոսը նշեց, որ վերջին շրջանում նկատվում է տենդենց` խոշոր գործարարներն արհեստական սկսել են գները բարձրացնել: Հ. Բերբերյանը դա կապեց վարչապետի` խոշոր գործարարներին հարկային դաշտ բերելու հայտարարության հետ:
«Ցավոք, այսօր այլ միտում ենք նկատում: Հարկային դաշտ եկողներն արհեստականորեն բարձրացնում են գները: Օրինակ` ալյուրը թանկանում է անհիմն, մինչդեռ մենք ունենք մեծ քանակությամբ պահեստավորված ցորեն, էդ ինչ՞ի հաշվին է 8%-ով այլուրը թանկանում, երբ ցորենի լավ բերք կա»,- ընդգծեց Հ.Բերբերյանը և վարչապետին կոչ արեց միջոցներ ձեռնարկել, որպեսզի «վայ հարկատուները» չփորձեն ժողովրդի հաշվին բյուջեն լցնել:
Նա նաև չբացառեց, որ գործարարների հարկային դաշտ մտնելով` մինչև հուլիս կլինեն նոր թանկացումներ: