ԼՂՀ ֆուտբոլի հավաքականը մասնակցում է ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի առաջնությանը
ԼՂՀ ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ մասնակցում է ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի պաշտոնական առաջնությունը, որը մեկնարկել է հունիսի 1-ին Շվեդիայի Օստերսյունդ քաղաքում: ԼՂՀ հավաքականը մեկնել է Շվեդիա մայիսի 30-ին,-հայտնում են մեր դիվանագիտական աղբյուրները։
ՖԻՖԱ-ին չանդամակցող հավաքականների աշխարհի առաջնությունը կտևի մինչև հունիսի 8-ը: Այն բացառիկ հնարավորություն է տալիս չճանաչված երկրների ազգային հավաքականներին սեփական դրոշի ներքո հանդես գալ ֆուտբոլային աշխարհում:
ԼՂՀ հավաքականին Ստոկհոլմի «Արլանդա» օդանավակայանում Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են մեծ խանդավառությամբ: Այնուհետև հավաքականի մարզիկները այցելել են Շվեդիայում ՀՀ դեսպանություն: Կեսօրին Շվեդիայի գեղատեսիլ հանգստյան գոտիներից մեկում արցախցի մարզիկների համար ջերմ ընդունելություն և հյուրասիրություն է կազմակերպվել Շվեդիայի հայկական միությունների համադրող կենտրոնի կողմից:
ԼՂՀ հավաքականը հունիսի 1-ին հանդիպել է Մեն կղզու (Ellan Vannin) հավաքականի հետ, իսկ հունիսի 3-ին հանդիպելու է Նիցցայի հավաքականի հետ: Բացի հիշյալ թիմերից, առաջնությանը մասնակցում են նաև Աբխազիայի, Դարֆուրի, Թամիլ Իլամի, Պադանիայի, Սաամի (Լապլանդիայի), Քուրդիստանի և այլ հավաքականներ:
Հիշեցնենք, որ փետրվարին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիան (AFFA) առաջնությանը ԼՂՀ հավաքականի մասնակցության կապակցությամբ բողոք էր ներկայացրել Չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիային (ConiFA): ConiFA-ն մերժել էր Ադրբեջանի բողոքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները