Սերժ Սարգսյանը մասնակցեց Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու բացման արարողությանը
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Լենինգրադյան փողոցը Ծովակալ Իսակովի պողոտային կապող անընդհատ երթևեկությամբ քաղաքային ավտոմայրուղու բացման արարողությանը:
Երկրի ղեկավարը շրջեց տարածքով, ծանոթացավ իրականացված շինարարական աշխարանքներին: Մայրուղու շինարարության մեկնարկը տրվել է 2012 թ հուլիսին և ավարտվել 2014 թ մայիսի 31-ին: Ավտոմայրուղու և հանգույցների 9 ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 5,1 կմ, որից ավտոմայրուղու երկարությունը 2,9 կմ է: Երթևեկելի մասի ասֆալտապատ ընդհանուր մակերեսը կազմում է 73 հազար քմ, մայթերի ասֆալտապատ մակերեսը` 14000 քմ:
Ավտոմայրուղու կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 15 հա: Կանաչապատվել է 5 հա տարածք, տնկվել է 2000 դեկորատիվ ծառ և թուփ:
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Սիրեկան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս ճանապարհի շինարարությամբ բեռնաթափվում է Երևան քաղաքի կենտրոնը և նվազում է կենտրոն մտնող մեքենաների թիվը:
«Այս ճանապարհով Լենինգրադյան փողոցը կապվում է Իսակովի պողոտայի և օդանավակայան տանող ճանապարհի հետ, ինչի շնորհիվ երթևեկության վրա ծախսվող ժամանակը կկրճատվի 15-20 րոպեով»,- նշեց Սիրեկան Օհանյանը:
Վերջինս բարձր գնահատեց ճանապարհի շինարարության և ասֆալտապատման որակը:
Իր հերթին, Երևանի նախկին քաղաքապետ Մուրադ Մուրադյանը նշեց, որ ինքը շատ ուրախ է որ Երևանում կառուցվել է նմանատիպ տրանսպորտային հանգույց, որը մեծ նշանակություն կունենա Երևանի և երևանցիների համար: