Գյուղացիները երեկ սպասում էին` իրենց չարչարանքի դիմաց մի քիչ եկամուտ կստանան. Արտենիի համայնքապետ
«Մարզպետ հետ հանդիպումից հետո գյուղացիները մի փոքր հանդարտվել են, բայց պարզ չէ, թե հետո ինչ կլինի»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Արտենի համայնքի ղեկավար Գեղամ Խլղաթյանը` անդրադառնալով այսօր համայնքի բնակիչների կողմից կազմակերպված բողոքի ակցիային:
Նշենք, որ հունիսի 25-ին, ժամը 18:30-ի սահմանում, Արտենի համայնքում մոտ 30 րոպե տեղացած կարկուտը փչացրել է մրգատու այգիների ամբողջ բերքը: Կարկուտից տուժած երեք գյուղերի՝ Արտենի, Արագածավան և Լուսակն համայնքների բնակիչներմ այսօր փակել են Արմավիր-Երևան ճանապարհը, միայն Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ զրուցելուց հետո, բացել են ճանապարհը։
Գ.Խլղաթյանն ասաց` մարզպետը խոստացել է, որ գյուղացիներին փոխհատուցում կտրվի, բայց թե ինչ չափով, դեռ պարզ չէ: Այժմ համայնքում աշխատում է մարզպետարանի կողմից ստեղծված հանձնաժողովը, որը ճշտում է վնասի չափը:
«Վնասի չափը ճշտելուց հետո այն կներկայացնենք Կառավարություն»,- ասաց համայնքապետը:
Գ.Խլղաթյանի խոսքերով` գյուղում ընդհանուր առմամբ վնասվել է մոտ 1000 հա տարածք` պտղատու այգիներ, առվույտի, գարու և ցորենի ցանքարտարածություններ:
«Կարելի է ասել, որ բերքը 100 տոկոսով ոչնչացվել է: Իսկ այս տարի բերքն այդքան էլ վատ չէր: Հիմա մարդիկ շվարել են, երեկ սպասում էին, որ իրենց չարչանաքի դիմաց մի քիչ եկամուտ կունենան, իսկ այսօր մոլորված ման են գալիս: Էլ չեմ ասում վարկերի մասին, մարդ չկա, որ վարկ չունենա, թե դրանց տակից ոնց են դուրս գալու...: Սպասում ենք, տեսնենք, ինչ կլինի»,- նշեց համայնքապետը:
Նախորդող`
Արտեմի համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը. «Սարսափելի է»