Արտեմի համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը. «Սարսափելի է»
«Մարդիկ շատ մեծ վնասներ են կրել: Սարսափելի է: Ամբողջ ծիրանը, մյուս պտղատու ծառերը շարքից դուրս են եկել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը՝ ներկայացնելով նախօրեին մարզի Արտեմի համայնքում տեղացած կարկուտի հետևանքները:
Այսօր արդեն գյուղի բնակիչները փակել էին Արտեմի-Արմավիր-Թալին-Գյումրի ավտոճանապարհը: Նրանց հանդիպել է մարզպետը:
«Իրավիճակի մասին զեկուցել եմ նախագահին, վարչապետին: Ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ճշտի վնասի չափերը: Հանձնաժողովի անդամների հետ առավոտից այգի առ այգի նայում ենք: Մարդիկ նեղվում են, ամբողջ հույսը կապել էին այդ այգիների հետ: Տաս օրից պետք է բերքը դուրս բերեին շուկա»,- նշեց Ս. Սահակյանը:
Մարզպետն ասաց, որ ինքը զրուցել է գյուղացիների հետ, նրանք որոշել են սպասել հանձնաժողովի աշխատանքների ավարտին:
«Հանձնաժողովը երեք-չորս օրից իր կատարած աշխատանքի արդյունքները կներկայացնի կառավարությանը՝ տեսնենք, թե ինչպես կարող է կառավարությունն օգնել բնակիչներին»,- նշեց Արագածոտնի մարզպետը: