Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին. «Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը»
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին` ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ:
Դուք կանգնած եք եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և մեծ ավանդ ունեք հայկական երկու հանրապետությունների կայացման ու զարգացման, հայոց բանակի կազմավորման և մեր բոլոր հաղթանակների կերտման գործում:
Տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցնելով Արցախում և Հայաստանում` Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանությանը, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացմանը: Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն, երկար տարիների կյանք ու մեծագույն հաջողություններ Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին, զորացում ու բարգավաճում` մեր հերոսական ժողովրդին ու հայրենիքին»: