«Դահլիճում տեղ չկա». Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին
Այս պահին Սարյան փողոցում, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ, ովքեր բողոքում են Հայաստանում օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, պահանջում են հետաձգել նիստը, քանի որ իրենց թույլ չեն տալիս մասնակցել նիստին: «Հե-տա-ձը-գել, հե-տա-ձը-գել», բացականչում էին նրանք:
Տեղում հասարակական կարգը պահպանող ոստիկաններին ղեկավարող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ակտիվիստներին հորդորեց կազմել մի փոքր խումբ, որը իրենց կներկայացնի հանձնաժողովի նիստում: Սակայն բողոքող քաղաքացիները համաձայն չեն և պահանջում են, որ խնդրով հետաքրքրված բոլոր քաղաքացիները ներկա լինեն նիստին:
Քիչ առաջ ակտիվիստներին մոտեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և հայտարարեց, որ խորհրդարանական քառյակը ներկայացնող բոլոր ուժերի ներկայացուցիչները մասնակցելու են նիստին և այնպես են անելու, որ էլեկտրաէներգիայի թանկացում Հայաստանում չլինի:
Այնուհետև Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը մոտեցավ ակցիայի մասնակիցներին և ասաց, որ դահլիճում տեղ չկա և բոլորը չեն կարող մասնակցել նիստին:
«Դահլիճում ներկա են սպառողների շահերի պաշտպաններ, քառասունից ավելի լրագրողներ, Ազգային ժողովի պատգամավորներ: Հանձնաժողովում ընդունված հարցերի արդյունքների մասին կտեղեկանաք կայքերից»,-հայտարարեց Սողոմոնյանը և վերադարձավ:
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին հարցը: Հանձնաժողովը նախատեսում է օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել է 10 %-ով՝ նախկին 38 դրամի փոխարեն դարձնելով 42 դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան