Տարաձայնություն ակցիայի մասնակիցների շրջանում. Երկուսը մտան շենք` մասնակցելու նիստին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի դիմաց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքող քաղաքացիների ակցիան հսկող ոստիկանների ղեկավար, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ակցիային ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանին և խնդրեց ակտիվիստներից խումբ կազմել, որը ներկա կլինի նիստին:
«Պարոն Զուրաբյան, ես ձեզ ուղղակի կխնդրեմ, այնպիսի տպավորություն է, որ զերծ եք մնացել այստեղ տեղի ունեցող գործընթացից, ոստիկաններն ամեն ինչ անում են, որ ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև ընդհարում տեղի չունենա: Խնդրեմ, ստեղծեք խումբ, թող գնան մասնակցեն: Իսկ դուք կանգնել եք, հետևում եք` ինչ է կատարվում», -դիմելով Զուրաբյանին ասաց Օսիպյանը:
Պատգամավորն ի պատասխան նախ նկատեց, որ ակցիան չի կազմակերպել այն ուժը, որին ներկայացնում է ինքը, հետևաբար ինքը չի կարող կազմակերպել նրանց, այնուհետև հավելեց. «Այստեղ տեղի է ունենում խաղաղ ցույց, որի իրավունքը ունեն քաղաքացիները Սահմանադրությամբ, իսկ ոստիկանության պարտականությունն է երաշխավորել, ապահովել քաղաքացիների սահմանադրական իրավունքները: Լարվածությունը ստեղծել են ոստիկանները, մարդիկ իրենց ակցիան անում են, բռնություն չեն կիրառում»:
Այնուհետև ակցիայի մասնակիցները միմյանց միջև քննարկեցին ու որոշեցին տասը հոգանոց խումբ կազմել, որը ներկա կլինի հանձնաժողովի նիստին: Այդ ծրագրի մասին իմանալով, Օսիպյանը մոտեցավ Հանձնաժողովի շենքին, որտեղից քիչ հետո ակտիվիստներին մոտեցավ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Միքայել Սողոմոնյանը: Վերջինը ակտիվիստներին ասաց, որ նիստին կարող է ներկա լինել միայն երկու անձ, քանի որ տեղ չկա:
«Այսքանը, ցտեսություն», -ասաց աշխատակազմի ղեկավարը ու հեռացավ:
Վալերի Օսիպյանը ակցիայի մասնակիցներին առաջարկեց երկու քաղաքացի մասնակցի նիստին, այնուհետև նրանք դուրս կգան ու նիստին կմասնակցեն մյուս երկուսը: Ակցիայի մասնակիցներից ոմանք համաձայնեցին, ոմանք դեմ էին այդ առաջարկին և պահանջում էին, որ առնվազն տասը ներկայացուցիչ ներկա լինի նիստին:
«Ոստիկանության առաջարկը չի ընդունվում»,- ասաց մասնակիցներից մեկը:
Իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանն իր հերթին հայտարարեց, որ ոստիկանությունը փորձում է ժամանակ շահել, որպեսզի Հաձնաժողովը իր որոշումը կայացնի և քաղաքացիներին կոչ էր անում «կտրուկ քայլերի»: Վալերի Օսիպյանը բարձրախոսով հայտարարեց, որ պետք չէ քաղաքացիներին կտրուկ քայլերի դիմելու կոչ անել:
«Պարոն Զուրաբյան, խնդրում եմ, մի բան արեք, պետք չէ քաղաքացիներին կտրուկ քայլերի դիմելու կոչ անել», -հայտարարեց Օսպիյանը:
Երկար քննարկումներից ու տարաձայնություններից հետո բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիներից երկուսը մտան շենք` մասնակցելու նիստի քննարկումներին:
Հարակից հրապարակումներ`
«Դահլիճում տեղ չկա». Ակցիայի մասնակիցներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստին
Թույլտվություն տալուց հետո էլ ոչ մի ակտիվիստ ներս չեկավ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան