«Մեր ազգային խոհանոցը կարող է լինել նաև մեր մշակույթի բրենդը»
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 16-ին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում կկազմակերպվի «Ուդուլի» տոլմայի փառատոն: Այն անցկացվում է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախաձեռնությամբ:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանը, փառատոնի նպատակն է տարածել և մասսայականացնել տոլման, մոռացությունից վեր հանել նրա բազում տարատեսակներ, հանրությանը ներկայացնել տոլմայի պատրաստման եղանակները, պատմությունը, դրանով իսկ այս վտանգված հայկական կերակրատեսակը զերծ պահել թուրքացումից:
«Մենք մի քիչ հետ ենք մնացել զարգացումներից, բայց ուզում ենք, որ մեր մշակույթը հասանելի դառնա նաև աշխարհում»,- ասաց Ս. Մամուլյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ փառատոնը մեր մշակույթի և խոհանոցի մասին բարձրաձայնելու ևս մեկ առիթ է:
«Դուք կտեսնեք, թե այսօր տոլմայի քանի տեսակ է պատրաստվում: Դա մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ տոլման հայկական ուտեստ է: Ինքս տոլմայի առաջին փառատոնին բացահայտել եմ, որ կար շուրջ 70 տեսակ»,- ասաց Մ.Ապրեսյանը:
Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանն էլ նկատեց, որ այս փառատոնը ավանդույթի ուժ է ձեռք բերում: «Կարծում եմ, որ մեր ազգային խոհանոցը կարող է լինել նաև մեր մշակույթի բրենդը»,- նշեց Ս.Պողոսյանը:
Այս տարվա փառատոնը նախորդներից կտարբերվի իր թեմատիկայով. այն կկոչվի «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը և մասնակիցները կփորձեն վեր հանել Հայկական լեռնաշխարհի տարբեր նահանգներում պատրաստված տոլմաների տեսակները և այդ ավանդական բաղադրատոմսերին հաղորդել նոր համ ու հոտ: Փառատոնի ընթացքում մրցույթից դուրս կկազմակերպվեն նաև հետաքրքիր մրցություններ՝ մասնավորապես կորոշվի 2014 թվականի «Ամենաերկար տոլման», տոլմայի «լավագույն համը», «լավագույն տեսքը» և այլն: Նշենք, որ նախորդ տարի ամենաերկար տոլման եղել է 7 մ 10 սմ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները