«Նրանք մեզ հայհոյում էին վրացերեն». Մկրտության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
Հուլիսի 19-ին Վրաստանի Սբ. Էջմիածին եկեղեցու բակում հայերի վրա հարձակվող անձիք եղել են վրացիներ: Այս մասին Panorama.am–ի հետ զրույցում հայտնեց վիրահայոց թեմի իրավաբանական հարցերով պետության հետ հարաբերությունների և միջկրոնական համագործակցության բաժնի տնօրեն, միջադեպի մասնակից Լևոն Իսախանյանը` հերքելով այն տեղեկությունները, թե իբր ծեծկռտուքը տեղի է ունեցել հայերի միջև:
Հիշեցնենք, հուլիսի 19-ին երեկոյան Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցիում տեղի է ունեցել միջադեպ: Մկրտության արարողության ժամանակ եկեղեցի մուտք գործած մի քանի տասնյակ անձիք հարձակվել են միջոցառման մասնակիցների վրա ու ծեծի ենթարկել նրանցից մի քանիսին, ինչպես նաև միջադեպը կանխելու համար միջամտած Տեր քահանա Զեյնալյանին, Առաջնորդարանի աշխատակիցներին, թեմի իրավական և համագործակցության հարցերով բաժնի տնօրեն Լևոն Իսախանյանին և տնտեսվար Ռոբերտ Իսախանյանին` հատկապես վերջիններիս հասցնելով մարմնական վնասվածքներ:
«Մեր իմանալով մյուս կողմը` այսինքն մարդիկ, ովքեր հարձակվել էին մեր վրա, վրացիներ էին: Ենթադրում եմ այդպես, քանի որ նրանց մի մասին, ովքեր եկեղեցու մոտ էին և ավտոմեքենան կայանելու պատճառով միջադեպը սկսեցին, դեմքով ծանոթ ենք, վստահաբար գիտենք, որ վրացիներ են: Իսկ մյուսները, ովքեր հետո միացան, կարծում եմ, որ վրացիներ էին, քանի որ միջադեպի ժամանակ նրանք մեզ հայհոյում էին վրացերեն»,- նշեց նա:
Լ.Իսախանյանի հետ հեռախոսազրույցը ընդհատվեց և այդպես էլ չկարողացանք պարզել միջադեպի մանրամասները` ինչի՞ց է ծագել վեճը, իսկապես վրացուհի է հրահրել վեճը` իր ավտոմեքենայի համար կայանատեղի չունենալու պատճառով և այլն: Նա հասցրեց միայն տեղեկացնել, որ այո, ծեծկռտուքի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, բայց դրանք շատ լուրջ վնասվածքներ չեն, չկան կոտրվածքներ և բժշկական հետազոտությունից հետո իրեն անմիջապես թույլատրել են գնալ տուն:
Հարձակվողները պոկել են նաև հոգևորականներից մեկի լանջախաչը և տարել իրենց հետ: Մինչ ոստիկանների ժամանելը Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի պետ Կարեն Երիցյանը, որպեսզի հանդարտեցնի վիճաբանողներին, ստիպված օդ է կրակել իրեն ամրակցված օրինական զենքից:
Նշենք նաև, որ Վրաստանի իրավապահների կողմից հարուցվել է քրեական գործ և ընթանում է քննություն:
Նախորդող հրապարակում`
Հարձակում Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա, հնչել են կրակոցներ, կան տուժածներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին