ԿԽՄԿ-ն՝ սահմանամերձ համայնքների ղեկավարների դիմումի մասին
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ղեկավարների դիմումը, որով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից խնդրում են միջնորդել հակառակորդի կողմից գնդակոծվող դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներն անվտանգ դարձնելու համար, կոմիտեն ստացել է:
«Այս պահին մենք ունենք դիմումը, որը քննարկել ենք գյուղապետերի հետ: Դա երկուստեք աշխատանքների արդյունք է: Եթե հաջողվի, պետք է կարողանանք առաջ տանել հարցը»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցական ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
Նա նշեց, որ այդ հարցում միջնորդությունը համապատասխանում է ԿԽՄԿ մանդատին:
«Տարածված պրակտիկա է Կարմի Խաչի միջազգային կոմիտեի աշխատանքներում: Մենք խրախուսում ենք, որ վտանգված տարածքներում գյուղացիները հնարավորություն ունենան դիմել մեզ: Հիմա պետք է երկու երկրների իշխանությունները երաշխիքներ տան և կարողանանք ներկա գտնվել այնտեղ՝ հնարավորություն տալ քիչ թե շատ անվտանգ աշխատեն գյուղացիները: Խոսքը զինադադարը հարգելու մասին է»,- ասաց նա:
Զառա Ամատունին նկատեց, որ այդ տարածքներում որևէ աշխատանք տանելուց առաջ իրենք միշտ դիմում են երկու երկրների ղեկավարությանը և բանակցում, որպեսզի կարողանան անվտանգությունն ապահովել:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում գյուղապետերը հայտնել էին, որ դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտե, որպեսզի միջնորդեն և գյուղացիները կարողանան անվտանգ շարունակել բերքահավաքը:
Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը ասել էր, որ երեկ կրակել են դաշտում աշխատող տեխնիկայի վրա, իրենք ստիպված դադարեցրել են աշխատանքները և ուշ ժամի հացահատիկահավաք կոմբայնը տեղափոխել այլ տարածք:
Նախորդող նորություն՝
Սահմանամերձ գյուղերի դաշտերը՝ կրակահերթերի տակ. գյուղապետերը դիմել են ԿԽՄԿ