Պատմում են դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողները (տեսանյութ)
Ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված Նորայր Քամալյանին ընդամենը երեք ամիս էր մնացել զորացրվելու: Նա պայքարել է երեք ադրբեջանցու դեմ, նրանք էլ թողել փախել են: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս պահին էլ, ինչպես և պայքարի ժամանակ, վախ չունի: Նորայրն այսօր բուժում է ստանում ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դիվերսիոն հարձակումների հետևանքով սույն թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր: Վիրավոր զինծառայողները տեղափոխվել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դիվերսիայի հետևանքով վիրավորված 19 տարեկան Գրիգոր Գրիգորյանը թեև դեռ լրիվ չի ապաքինվել, բայց արդեն մտածում է ծառայության վերադառնալու մասին. «Պատրաստ եմ շարունակել ծառայությունս»: Դիվերսիոն հարձակումը, նրա պատմելով, տեղի է ունեցել 02:20-ին:
«Մենք միշտ զգոն ենք»,- ասաց նա:
Գրիգորը վեց ամիս է ծառայության մեջ է:
19 տարեկան Վարուժան Մարգարյանն էլ պատրաստ է շարունակել ծառայությունը, վերադառնալ ընկերների մոտ:
«Մեր պոստում սովորաբար հանգիստ էր, որևէ դեպք տեղի չէր ունեցել: Մենք միշտ զգոն ենք, պատրաստ, որովհետև հակառակորդն անկանխատեսելի է»,- ասաց Վարուժանը:
Բենիկ Օհանջանյանը, ով փրկել է 9 զինվորի կյանք, նույնպես ապաքինումից հետո վերադառնալու է շարք: Նա պատմում է, որ հարձակումը գիշերն է եղել, չի տեսել հակառակորդին, միայն լսել է կրակոցներ, ընկերոջ օգնության կանչը ու սկսել կրակել:
Կապիտան, 31 տարեկան Սարգիս Ստեփանյանը, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բոլոր զինվորներին բարի ծառայություն մաղթեց. «Աստված իրենց հետ»:
Նրա խոսքով, հակառակորդը ժամանակ առ ժամանակ ակտիվանում է, զինվորը պետք է մշտապես պատրաստ լինի, սպասի ամեն ինչի:
Վիրավորներից Արմեն Պետրոսյանը չկարողացավ զրուցել լրագրողների հետ. նա վիրահատվում էր: Նրա մայրն ասաց, որ վիրահատում են ձախ ոտքը:
Կապիտան Սրափիոն Մելքոնյանն էլ չզրուցեց մեզ հետ. նա հերթական պրոցեդուրան էր ընդունում:
Նշենք, որ վիրավորված զինծառայողներին տեսակցության էին եկել ՀՄԸՄ (Հայ մարմնակրթական ընդհանուր միության) սկաուտական միության անդամները:
Նախորդող հրապարակում՝
Զինվորական հոսպիտալի պետ. Դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները