«Տանկային բիաթլոն-2014»-ի մեր մասնակիցներին դիմավորելու համար ՊՆ-ն տրամադրել է ավտոբուսներ
Ռուսաստանի Դաշնությունում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում այսօր, ինչպես արդեն տեղեկացրել էինք, կայացել է «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումների եզրափակիչ փուլը:
«Տանկային բիաթլոն-2014»-ի եզրափակիչ փուլում մրցում էին նախորդ օրերի արդյունքներով 1-4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի և Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը:
Եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: 3-րդ և 4-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցումներին մասնակցել են 12 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը:
Միջազգային մրցույթին մասնակցած հայ տանկիստները հայրենիք կվերադառնան վաղը` օգոստոսի 17-ին: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսի 17-ին, ժամը 16.30-ին տեղի կունենա դիմավորման հանդիսավոր արարողություն, որին կմասնակցեն բարձրաստիճան զինվորականներ, երիտասարդական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տանկիստների հարազատները:
Դիմավորման հանդիսավոր միջոցառմանը մասնակցել ցանկացողների համար ՀՀ պաշտպանության նախարարությունը տրամադրել է ավտոբուսներ, որոնք կմեկնեն ԵԿՄ վարչական շենքի մոտից օգոստոսի 17-ին, ժամը 15.30-ին: