Մովսես Հակոբյան. Ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող
Հուլիսի վերջի օգոստոսի սկզբի իրադարձություններն աննախադեպ էին, քանի որ ավելի մասշտաբային էին ու եղել են մի քանի ուղղություններով: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի վերջին հետախուզադիվերսիոն գործողություններին այսպիսի գնահատական տվեց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նա նկատեց նաև, որ Պաշտպանության բանակի համար սա նորություն չէ. «Մենք այսօր էլ, վաղն էլ, ամեն օր էլ պատրաստ ենք լինելու հակազդել նման գործողություններին: Բանակն իր խնդիրը կատարում է լուռ»:
ՊԲ հրամանատարը ասաց, որ այս օրերին մենք ունեցել ենք նաև կորուստներ, բայց պատերազմն առանց զոհերի չի լինում:
«Ցավոք, մենք կորցրել ենք երեք զինվոր և երեք սպա, ովքեր իրենց դիրքը, հայրենիքն, իրենց ընկերներին պաշտպանելու ժամանակ զոհվել են: Փառք իրենց»,- ասաց Մովսես Հակոբյանը և շեշտեց, որ այսօր բանակում տղաները կարող են ստանալ տարբեր մասնագիտություններ, սակայն կարևորագույն մասնագիտությունը հայրենիքի պաշտպան դառնալն է:
«Մենք ոչ միայն դիմագրավել ենք հակառակորդին, այլև` կանխարգելիչ գործողություններ ենք իրակացրել: Նմանատիպ 7 հակազդող գործողություն ենք իրականացրել, որպեսզի ցույց տանք, որ հակառակորդի նման գործողությունները Ղարաբաղի հետ հարաբերվելու ճանապարհ չեն»,- նշեց Մովսես Հակոբյանը:
Նա հավելեց, որ հակառակորդը որքան ուզում է` թող սպառազինվի, սակայն պատերազմում հաղթելու համար սպառազինությունը դեռ որոշիչ չէ. «Ընդհանուր առմամբ պատմությունից մենք մի շատ կարևոր հետևություն ենք արել. հասկացել ենք, որ այլևս կորցնելու ու ցեղասպանվելու իրավունք չունենք: Այս պահին ոչ միայն Ադրբեջանն, այլև` աշխարհի որևէ երկիր մեզ հաղթել չի կարող, չի կարող այն դեպքում` եթե լինենք միասնական»,- ասաց ՊԲ հրամանատարը:
«Բարեբախտաբար, Պաշտպանության նախարարն իրավունք չունի քաղաքականությամբ ու արտաքին քաղաքականությամբ զբաղվելու: Սահմանադրության համաձայն` իմ պարտականությունը սահմանի պահպանությունն է և մենք դա կատարում ենք»,-ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը` պատասխանելով Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ հարցին:
«Պատերազմի ալտերնատիվը` խաղաղությունն է ու մենք ցանկացած միջոցառումներ պիտի իրականացնենք պատերազմից խուսափելու համար: Ես որպես պաշտպանության նախարար ամեն օր պատրաստվում եմ պատերազմի: Նույնն էլ` պաշտպանության բանակը: Ամեն երեկո` անվանականչի ժամանակ, ևս մեկ անգամ բոլորին կրկնում են իրենց պարտականությունները, թե` ինչ են անելու, եթե հանկարծ պատերազմ սկսվի»,- նշեց ՊԲ հրամանատարը:
Նա ընդգծեց, որ դեռ պատերազմի տարիներից ՊԲ-ն սկսել է զբաղվել առաջին գծի հագեցվածությամբ, կատարվել են ինժեներատեխնիկական աշխատանքներ:
«Կարող ենք ասել, որ այսօր մեր զինվորն առաջնագծում իր հերթապահությունն իրականացնելու ժամանակ 99 տոկոսով պաշտպանված է` սա հակառակորդի կողմից հրաձգային զենքերի օգտագործման դեպքում: Հիմա մենք մշակել ենք նոր մի սարքավորում, որով սկսել ենք համալրել առաջին գիծը»,- ասաց գեներալ-լեյտենանտ Հակոբյանն` ընդգծելով` այս պահին աշխատանքներ են տարվում գիշերային ժամերին ևս մարտական հերթապահությունը դարձնել մաքսիմալ անվտանգ:
«Միևնույն ժամանակ մենք պետք է չմոռանանք, որ այդ բոլոր տեխնիկական միջոցները, պարզապես օգնելու են, իսկ սահմանի պաշտպանն ու անվտանգության ապահովողը մնալու է զինվորը»,- ասաց Մովսես Հակոբյանը: