Մինչև 2015-ը Արցախը ենթակառուցվածքային շատ ավելի զարգացած համակարգ կունենա. ԼՂՀ ԱԺ նախագահ (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի բնորոշմամբ, վերջին շրջանի իրադարձությունները ցույց տվեցին, որ երբ սահմանին իրավիճակը մի քիչ լարվում է, հայերը շատ ավելի հեշտ են համախմբվում:
Ստեփանակերտում՝ Մայր Աթոռի կազմակերպած Արցախ ուխտագնացության շրջանակներում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա պատասխանեց մի քանի հարցերի: Բացի սահմանային վերջին դեպքերը, նա անդրադարձավ Արցախում երիտասարդների զբաղվածության, ծնելիության, վերաբնակեցման, կոմունիկացիաների, միջազգային կառույցների հետ համագործակցության և այլ հարցերի:
Աշոտ Ղուլյանը նշեց, որ վերաբնակեցման գործընթացը շարունակվում է, և մշտապես ունենալով Արցախի ժողովրդագրական զարգացման ծրագիրը, հետևողականորեն պետք է աշխատեն այդ ուղղությամբ:
Panorama.am-ի հարցին, կա՞ն երիտասարդ ընտանիքների աջակցության և ծնելիության խթանման ծրագրեր, ԼՂՀ ԱԺ նախագահը պատասխանեց, որ դրանք տարրաբնույթ են և թվարկեց մի քանիսը: Մասնավորապես նա հայտնեց, որ Արցախում ապրող ընտանիքն ամեն մի երեխայի ծնունդի հետ գումար է ստանում, իսկ 6-րդ երեխայից սկսած՝ նոր բնակարան:
«Վերջին տարիների համեմատ բնակչության ոչ շատ աճ է եղել, ոչ էլ նվազել է: Ես չեմ կարող ասել, որ արտագաղթ չկա, բայց դա այն ծավալի չէ, որը մտահոգի: Հիմնականում գնում են աշխատելու համար»,- հավելեց նա:
Անդրադառնալով Արցախում ճանապարհների կառուցման և նորոգման խնդիրներին, ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ 1994-95 թվականներից սկսած մեծ ռազմավարական ծրագրեր են իրականացրել:
«Ինչ վերաբերում է գյուղերն իրար կապող ճանապարհներին, ապա դրանք շարունակական աշխատանքներ են, ամեն տարի Արցախի բյուջեից գումարներ ենք դնում դրա համար: Կարծում եմ, որ առաջիկա երկու տարիներին շատ լուրջ օժանդակություն է լինելու Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը, այդ տարածքում բոլոր գյուղերն էլ կապված են մայրուղուն, հետևաբար այն շատ մեծ ենթակառուցվածքների խնդիր է լուծելու: Մենք մինչև 2015թվականը ենթակառուցվածքային առումով շատ ավելի զարգացած համակարգ ենք ունենալու Արցախում: Բայց դրանով չպետք է ավարտած համարել մեր աշխատանքը, այս տարիների համար ծրագրվում է նաև Հայաստանը Արցախին կապող մեծ էներգոհամակարգի հիմնումը»,- ասաց նա:
ԱԺ նախագահը խոսեց նաև Արցախում միջազգային կառույցների ծրագրերի բացակայության մասին: Աշոտ Ղուլյանի խոսքով, այս հարցում լուրջ խոչընդոտներ կան, և դրսից դրամաշնորհներ չեն գալիս: Պատճառը ոչ թե կազմակերպություններն են կամ Արցախի իշխանությունները, այլ Արցախի կարգավիճակը և Ադրբեջանական կողմի ընդգծված գործողություններն ու քարոզչությունը:
Մանրամասն՝ Panorama.am-ի տեսանյութում:
Արցախ այցը կազմակերպված էր Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և World Vision կազմակերպության աջակցությամբ: