ՀՀ նախագահը բոլորի ներկայությամբ ասաց, որ հարևան երկրում ունենք բռնապետ ղեկավար. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովն այս անգամ Հայաստանի համար առանձնացավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը` հավելելով, որ այստեղ կարևոր է նաև ոչ միայն նախագահի մասնակցությունը, այլև գագաթաժողովում նրա ելույթը:
Ինչ վերաբերում է չմասնակցելու պատճառին, Կ.Բեքարյանն ասաց, որ նախորդ երկու գագաթաժողովների ժամանակ ԼՂ հակամարտության կագավորմանն առնչվող այնպիսի ձևակերպումներ էին հնչում, որոնք չէին կարող ընդունելի լինել Հայաստանի համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում էր նրան, որ ՆԱՏՕ-ն նախորդ գագաթաժողովների ժամանակ ընդունած փաստաթղթերում աջակցություն էր հայտնում ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից մեկին` տարածքային ամբողջականությանը:
«Սա դիտվում էր որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո ընթացող բանակցությունների ձևաչափի և բովանդակության որոշակի խախտում, ինչը նաև դառնում էր պատճառ, որ Հայաստանը նախորդող գագաթաժողովներին նախագահի մակարդակով չմասնակցեր», -ասաց Կ.Բեքարյանը:
Անդրադառնալով գագաթաժողովում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին` նա նշեց, որ Հայաստանի բարձր ղեկավարությունն ընդունեց ճիշտ որոշում, որ լուռ կամ ոչ ուղղակի կերպով անհամաձայնությունն այդ ձևակերպումներին կարող է այն չափով չլինել արդյունավետ, որքան լինել տեղում և հստակ արտահայտել սեփական դիրքորոշումը:
«ՀՀ նախագահը հստակ բոլորի ներկայությամբ ասաց, որ հարևան երկրում ունենք բռնապետ ղեկավար: Սա լուրջ հայտարարություն է, քանի որ այլ բան է, երբ խոսում են վերլուծաբանները կամ իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները, այլ բան, երբ այդ մասին ուղիղ խոսքով արտահայտվում է երկրի նախագահը նման բարձրաստիճան գագաթաժողովի ժամանակ»,- ասաց Կարեն Բեքարյանը:
Քաղաքագետի խոսքերով` ինքը մնում է այն տեսակետին, որ Ադրբեջանի ցինիկ պահվածքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետություններից յուրաքանչյուրն ունի իր պատասխանատվության բաժինը: Ըստ նրա` Ֆրանսիայի պատասխանատվության բաժինն այն է, որ աչք է փակում Ադրբեջանի բավական խնդրահարույց պահվածքի վրա, երկրի ներսում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների վրա: Ելնելով աշխարհաքաղաքական շահերից, աչք է փակվում Ադրբեջանի բավական պրոբլեմատիկ իրավիճակի վրա, և «գլուխը շոյող» վերաբերմունքը Ադրբեջանին թույլ է տալիս մտածել, որ իրեն ամեն ինչ կարելի է, կա թողտվության մթնոլորտ, իսկ այդ ամեն կարելին կարող է տարածել նաև ԼՂ հակամարտության վրա` դրանով փորձելով տարաբնույթ շանտաժի կամ պրովակացիների լեզու որդեգրել:
Կ.Բեքարյանի խոսքերով` ԱՄՆ-ի դեպքում պատասխանատվության բաժինն ավելացավ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից հետո, որը նույնպես Ադրբեջանին դիվիդենդներ քաղելու առիթ տվեց: Իսկ Ռուսաստանի պարագայում՝ Ադրբեջանին սպառազինելն էր:
«Եթե նայենք ՆԱՏՕ-ի հռչակած արժեքներին, ապա այս պարագայում Ադրբեջանի նախագահը անգամ պիտի գագաթաժողովին չհրավիրվեր»,- ասաց Կ.Բեքարյանը:
Թեև ՆԱՏՕ-ի գագաթաժողովից դեռ փաստաթուղթ չի հրապարակվել, բայց քաղաքագետը մտավախություն ունի, որ բովանդակային առումով նոր փաստաթուղթն էլ նախորդներից չի տարբերվելու. «Եթե գագաթաժողովի ընթացքում ընդունվի փաստաթուղթ, որը կպարունակի նույն դոգմատիկ բնույթը, ապա չի բացառվում, որ Ադրբեջանի պահվածքը լինի ավելի կոշտ, ցինիկ և սադրիչ»:
Նախորդող հրապարակումներ`
ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունը` Քերի-Սարգսյան-Ալիև հանդիպման մասին
Ջոն Քերին ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը
Սերժ Սարգսյան. Կամ կհաղթի խաղաղության ձգտումը, կամ կրկին լուռ խրախուսված կմնան ապագա բոլոր սադրանքները