Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկեց «Ընտանիք, հասարակություն և Եկեղեցի. ժամանակակից մարտահրավերներ» խորագրով գիտաժողովը, որը կազմակերպել է Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային հարցերի գրասենյակը:
Հայեցակարգային գրասենյակի ղեկավար Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համաժողովը բացելիս շնորհակալություն հայտնեց աջակիցներին, ապա մեջբերելով Վեհափառ Հայրապետի խոսքը, նկատեց, որ երբ ընտանիքն անկում է ապրում, եկեղեցին նույնպես թուլանում է:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խոսքում նախ շեշտեց, որ հայ եկեղեցին մշտապես բարձր է գնահատել ընտանիքի ամբողջականությունը և անքննարկելի կարևորությունը ժողովրդի կյանքում՝ դիտելով որպես հոգևոր և բարոյական արժեքների պահպանման հիմնասյուն, հանրային առողջ կենսակերպի ձևավորման և զարգացման համար անփոխարինելի հաստատություն:
«Մեր օրերում արագընթաց փոփոխությունների, արժեքների անտեսման պայմաններում ընտանիքի ավանդկան ընկալմանը հակադրվում են ծնունդ առնող հոսանքները, կենսատեխնոլոգիական միջոցների առաջադրած մարտահրավերները, որոնք թափանցում են մարդու կյանքի նվիրական ոլորտը, հատկապես՝ որդեծնության»,- ասաց նա:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մտահոգիչ են ամուսնալուծությունների, հղիության, սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճը, ժողովրդագրական անցանկալի փոփոխությունները:
«Անհրաժեշտ է բոլոր հարթակներում նամանատիպ համաժողովներով եկեղեցական քարոզչությամբ, մեծ և փոքր քննարկումներով, ընտանիքի աջակցության ծրագրերով, պետական, օրենսդրական նախաձեռնություններով նպաստել ընտանիքի առողջությանը»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Նախորդող հրապարակում`
Մայր Աթոռում ընտանիքի թեմայով գիտաժողովի հիմնական շեշտադրումը հղիության արհեստական ընդհատման վրա կլինի
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում