Կարեն Պետրոսյանի մահվան գործով դիմել են միջազգային կազմակերպություններին
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ Ադրբեջանի տարածքում հայտնվելու և հետագայում ադրբեջանական զինվորական ծառայողների կողմից խոշտանգման, անմարդկային վերաբերմունքի ենթարկվելու և նրա մահվան դեպքի կապակցությամբ 2014թ.-ի սեպտեմբերի 15-ին իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ Ավետիք Իշխանյանը, Լարիսա Ալավերդյանը և Արթուր Սաքունցը դիմել են Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտե (Եվրոպայի խորհուրդ), Խոշտանգումների դեմ կոմիտե (ՄԱԿ), ինչպես նաև Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտե (ՄԱԿ): Այս մասին հայտնում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի լրատվական ծառայությունը:
Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները նշված միջազգային կազմակերպություններին խնդրել են ձեռնարկել իրենց կարգավիճակից բխող բոլոր հնարավոր միջոցները, որոնք կնպաստեն Կարեն Պետրոսյանի խոշտանգման, ակնհայտ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև վերջինիս մահվան հանգամանքների պատշաճ քննության իրականացմանը: Դիմումում բերվել են ինչպես այդ կազմակերպությունների, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունից բխող գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտ հիմնավորումները:
Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները իրենց դիմումում կոչ են անում միջազգային կազմակերպություններին դրսևորել հետևողականություն` գործի անաչառ և լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու հարցում:
Կարդացեք նաև՝
ՄԻԵԴ-ն ընթացք է տալիս Կարեն Պետրոսյանի դին վերադարձնելու պահանջին
Ն.Զոհրաբյանը եվրոպացի պաշտոնյաներից պահանջում է հստակ գնահատական և պատժամիջոցներ Ադրբեջանի հանդեպ
«Բարևեցի ձեռքով, թևը ոլորեցի` բան չկար մոտը». Կարեն Պետրոսյանին դիմավորած ադրբեջանցի
ՊՆ խոսնակ. «Հայ գերու սպանությամբ Ադրբեջանը փորձում է հաղթահարել սեփական բարդույթները». Մեդիամաքս
Ադրբեջանում հայ գերու մահվան դեպքի հանգամանքները ԿԽՄԿ-ն հանրային հարթակում չի մեկնաբանի
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել