Դատապարտել են Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու բարբարոսաբար պայթեցումը. հանդիպում նախագահականում
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սիրիահայ համայնքային կառույցների, կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներին` Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգսյանին, Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահ Դոկտոր Հարություն Սելիմյանին, ՀՅԴ ներկայացուցիչ Կարապետ Յուզբաշյանին, ՌԱԿ Հյուսիսային Սիրիայի շրջանային վարչության ատենապետ, ՌԱԿ Դատական գերագույն ատյանի անդամ Լևոն Պըլըքյանին, ՍԴՀԿ Հալեպի շրջանի ատենապետ Սարգիս Կավլակյանին, ՀՅԴ ներկայացուցիչ, Բերիո Հայոց թեմի մամուլի քարտուղար, Սիրիայի Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական համայնքների ընդհանուր խոսնակ Ժիրայր Ռեիսյանին:
Ինչպես հայտնում են Նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանն անդրադարձ է եղել սիրիական ճգնաժամի հետևանքով այսօր էլ դժվարին ու տագնապալի օրեր ապրող սիրիահայ համայնքի խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ հայկական բոլոր կառույցների ներգրավվածությանը, Սիրիայից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին հայրենիքում ցուցաբերվող աջակցությանն ու առաջիկա ծրագրերին:
Քննարկվել են Մերձավոր Արևելքի՝ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակը, այդ տարածաշրջանում քրիստոնեական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներն ու համազգային մարտահրավերները: Զրուցակիցներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել և խստորեն դատապարտել են սեպտեմբերի 21-ին ահաբեկիչների կողմից Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու բարբարոսաբար պայթեցումը:
Վերոնշյալ խնդիրների լուծման, առկա մարտահրավերների դիմակայման, այդ նպատակով ազգային շահերի և նպատակների շուրջ հայության համախմբման գործում ընդգծվել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի Հայտարարության մեջ տեղ գտած առաջնահերթությունների և դրույթների կարևորությունը: