Սերժ Սարգսյան. Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ՀՀ Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին: Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ Սերժ Սարգսյանը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները. յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են հուշախորհրդանիշ և դրամական պարգև: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Այս տարի ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևին արժանացել են 26 ուսանող և 16 աշակերտ 5 բուհից և 8 ավագ դպրոցից: Հաշվի առնելով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և բուհական տեխնոլոգիական կրթական համակարգում ունեցած մեծագույն ավանդը, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիա» ընկերության 10-ամյակի կապակցությամբ «Սինոփսիս» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Չի-Ֆուն Չանը ևս արժանացել է ՀՀ Նախագահի կրթական պարգևին:
Պարգևատրման արարողության ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարձր առաջադիմություն ցուցաբերած և Նախագահի 2014թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին, մաղթել հաջողություններ:
«Հարգելի՛ բարեկամներ,
Սիրելի՛ մրցանակակիրներ,
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի կրթական մրցանակների հանձնումը ինձ համար ամենահաճելի, ամենաուրախալի պահերից մեկն է: Մենք շատ ենք խոսել այս մասին և հիմա էլ պետք է կրկնենք, որ ՏՏ ոլորտը մեզ համար գերակայություն է, և այսօր այդ ոլորտը հանդիսանում է ոչ միայն մեր ապագան, այլ այլևս մեր ներկան է: Եվ բոլոր այն պետությունները, ժողովուրդները, հասարակությունները, ովքեր սա ճիշտ են ըմբռնում և ովքեր այս ոլորտում կարող են ունենալ հաջողություններ, ուրեմն ապագան իրենցն է:
Ուզենք, թե չուզենք, մենք պետք է դառնանք տեղեկատվական հասարակություն: Սա մի հուն է, ուր վաղ թե ուշ պիտի մտնեն բոլոր նրանք, ովքեր իրենց համարում են ժամանակակից քաղաքակրթության մաս: Որքան շուտ և որքան լիարժեքորեն մեզանում կայանա տեղեկատվական հասարակությունը, այնքան լավ և՛ երկրի, և՛ ժողովրդի համար: Որքան ուշ մենք թևակոխենք այդ փուլը, այնքան ավելի շատ խնդիրներ կունենանք: Սա ակնհայտ է: Եվ սա ժամանակի հրամայականն է ու կախված չէ որևէ իշխանությունից:
Այստեղ ներկա մրցանակակիրները և նրանց հասակակից ընկերներն այն կարևոր հիմնասյունն են, որի շուրջ պետք է ամրանա տեղեկատվական հասարակություն ասածը: Համենայնդեպս, մենք ունենք նման ակնկալիքներ և հուսով ենք, սիրելի մրցանակակիրներ, որ դուք մեզ հուսախաբ չեն անի:
Սիրելի՛ մրցանակակիրներ,
Ես շնորհավորում եմ ձեզ այս պարգևներին արժանանալու առթիվ: Բայց հատկապես ես ձեզ շնորհավորում եմ, որովհետև դուք հաջողակ եք: Դուք ունեք բոլոր հնարավորությունները հետագայում զարգացնելու ձեր հաջողությունները: Դուք թանկ եք մեզ համար, որովհետև ցանկացած երկրում, ցանկացած ոլորտում՝ լինի արվեստ, գրականություն, թե տնտեսություն, ամեն ինչ առաջին հեթին կախված է հաջողակ անհատներից, ամեն ինչ հենված է այդ մարդկանց վրա: Նման անհատների կարիք ունեն բոլոր-բոլոր երկրները՝ մեծ, թե փոքր, իսկ մենք՝ հատկապես:
Այսօր երիտասարդների շրջանում մոդայիկ է «կրեատիվ» բառը: Բայց ինձ համար, որպես ավագ սերնդի ներկայացուցչի, ավելի հասկանալի և սրտամոտ է «ստեղծագործ» բառը: Հայերեն այս բառը, կարծում եմ, ավելի տարողունակ է և իր մեջ ունի և՛ ստեղծելու, և՛ գործելու իմաստները: Դուք արժանացել եք պարգևների հենց այն բանի շնորհիվ, որ ձեր աշխատանքում ցուցաբերել եք ստեղծագործական մոտեցում: Շարունակե՛ք նույն ոգով, և ձեզ կսիրեն ավելի շատ, կհարգեն և կգնահատեն ավելի բարձր: Շարունակե՛ք աշխատել ձեր մասնագիտական որակների բարձրացման ուղղությամբ, բայց ոչ թե ուրիշների ասածները սերտելով, այլ ստեղծագործաբար յուրացնելով: Ուսումը նույնպե՛ս դարձրեք ստեղծագործական աշխատանք, և ձեր հայացքի առաջ կբացվի այն, ինչը չկա գրված դասագրքերում և ուղեցույցների մեջ:
Մաղթում եմ ձեզ հաջողություններ: Ավագ դպրոցներն ու համալսարաններն այն սահմանագիծն են, այն դարպասները, որոնցով դուք մտնում եք, այսպես կոչված, «մեծերի աշխարհ», իսկ «մեծերի աշխարհն», հավատացեք, շատ ավելի բարդ է: Այստեղ մրցակցությունը շատ ավելի կոշտ է, այստեղ միշտ չէ, որ կանոններով են աշխատում, և այս միջավայրը ավելի ստերիլ չէ: Մաղթում եմ ձեզ, որ հանկարծ չնահանջեք ձեր ճանապարհից և չհուսահատվեք որևէ պարագայում: Վստա՛հ եղեք, որ դուք ուժեղ եք, և հաջողությունն անպայման կհասնի ձեզ:, որովհետև դուք շնորհաշատ եք, դուք կամք ունեք և ձեր ապագան, եթե ծուլություն չանեք, սխալ ճանապարհով չգնաք, ապահովված է: Ես բոլորիդ հաջողություն եմ մաղթում: Ապրեք: Շնորհակալ եմ»,-ասված է նախագահի խոսքում:
Նախագահը հորդորել է պարգևատրված ուսանողներին և աշակերտներին՝ երբևէ չընկճվել քննադատություններից, եթե համոզված են իրենց ուղու, սկսած գործի ճշմարտացիության մեջ և վստահորեն շարունակեն առաջ ընթանալ: Այդ համատեքստում Հանրապետության Նախագահը նշել է, որ կրթության ոլորտում պետության որդեգրած քաղաքականությունը ճիշտ է և ևս մեկ անգամ ընդգծել, որ կրթությունը, գիտությունը մեր երկրի հիմքն են ու ապագան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա