Բողոքի ակցիա` մայրության նպաստի կրճատման դեմ
ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել մի շարք քաղաքացիներ` կապված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ:
Բողոքի ակցիայի մասնակից Մարիա Նիկողոսյանը, ով աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում և սպասում է իր երկրորդ երեխային, նշեց, որ օրինագծի ուժի մեջ մտնելու դեպքում խիստ կրճատվելու է աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման չափսը:
«Եթե կառավարության կողմից առաջարկված օրենքը հունվարի 1-ից ուժի մեջ մտնի, այդ դեպքում 20-40 տոկոսի չափով ֆինանսական կորուստներ կունենանք: Երբ մեզանից հարկ են վերցնում, ոչ մեկ չի ասում, որ մեզանից այդքան շատ հարկ են վերցնում, քան ավելի ցածր աշխատավարձով աշխատողներից: Իսկ երբ խոսքը վերաբերում է փոխհատուցմանը, որոշել են սահմանափակում անել»,- ասաց Մ.Նիկողոսյանը:
Նա նշեց, որ ունի բարձր վարձրատրվող աշխատանք, ներկայիս գործատուի մոտ աշխատում է 10 տարի և ստանալու է աշխատավարձի 80 տոկոսի չափով նպաստ:
«Սակայն նախատեսվող վերին շեմն էլ ինձ վրա կազդի: Եվ կախված նրանից, թե ինչպես կհաշվարկվեն, հնարավոր է, որ աշխատավարձի 50 տոկոսը ստանամ»,- ասաց նա:
Ակցիայի մասնակիցների խոսքերով` աշխատող կանանցից «խլած» միջոցների հաշվին Կառավարությունը նախատեսում է վճարել մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ չաշխատող կանանց:
«Մենք ողջունում ենք Կառավարության՝ չաշխատող կանանց ծննդաբերության նպաստ վճարելու նախաձեռնությունը, սակայն գտնում ենք, որ այն չպիտի արվի աշխատող կանանց հաշվին. դա շատ մեծ խտրականություն է աշխատող և հարկ վճարող կանանց խավի նկատմամբ»,- նշեցին նրանք:
Լուսանկարներն` այստեղ