Կարդինալ Ջանֆրանկո Ռավազի. Հայկական խաչքարերը, ձեռագրերը, եկեղեցիները բղավում են ձեր մշակույթի մասին
Երևանի պետական համալսարանն այսօր երկրորդ անգամ հյուրընկալեց Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Կարդինալն ինքը հիշեցրեց, որ առաջին անգամ եղել է ԵՊՀ-ում 2011 թվականին ու արժանացել է ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչման:
Այսօր կայացավ կարդինալի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» գրքի հայերեն և ռուսերեն թարգմանության շնորհանդեսը:
«Կարևոր գործ է բոլորիս համար, հայերի համար: Աշխատությունը, որը նկարազարդ է, վերաբերում է հայոց առաջին քահանայապետ Գրիգոր Լուսավորչի կյանքին, կերպարին, գործունեությանը: Այս աշխատանքը չափազանց կարևոր է, ապացուցում է, որ Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեական կրոնի պատմության մեջ անգնահատելի դեր է ունեցել ոչ միայն հայ ժողովրդի համար, այլ ամբողջ քրիստոնեական կրոնի համար»,- հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Կարդինալ Ջանֆրանկո Ռավազին ասաց, որ հայ ժողովրդի հետ առաջին հերթին կապված է մշակույթի, գրականության ճանաչմամբ, որովհետև հայ գրականությունը սկսվել է Աստվածաշնչի թարգմանությամբ: Կարդինալն ասաց, որ ծանոթ է հայ պատմության ականավոր գործիչների աշխատություններին:
«Հաջորդ տարի նշվելու է հարյուրամյակն այն մեծ արհավիրքի, որ տեղի ունեցավ 1915 թվականին՝ Հայոց ցեղասպանության: Երիտասարդ տարիներին դրամատիկ այս ողբերգությանն առաջին անգամ ծանոթացել եմ Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպից, այնուհետև այլ գործեր ևս կարդացի»,- ասաց նա:
Կարդինալը նաև հիշեց հայ գրող Դանիել Վարուժանին՝ նշելով, որ նա Հայոց ցեղասպանության զոհ է եղել: Խոսելով իր հեղինակած գրքի մասին, Ջանֆրանկո Ռավազին ասաց, որ Գրիգոր Լուսավորիչը մի մեծ կերպար է, որը գերիշխում է ամբողջ հայ ժողովրդի և նրա պատմության վրա. «Մենք հպարտանում ենք, որ ծանոթ ենք ձեզ, համարում ենք ձեզ որպես առաջին քրիստոնյա ազգ, որն ընդունեց Քրիստոնեությունը 301 թվականին: Գրիգոր Լուսավորիչը նաև արևմտյան մշակույթի մի մասն է»:
Նա իր խոսքում շեշտեց, որ կրոնն ու մշակույթը փոխկապակցված են, արվեստն ու հավատը քույրեր են, հավատքը և հատկապես արևմտյան մշակույթը ձեռք ձեռքի են քայլել:
«Գրիգոր Լուսավորչին արժևորելը ոչ միայն կրոնական, նաև մշակութային հարց է, քանի որ ինքնության հարց է: Եթե չլիներ քրիստոնեությունը, չէր լինի մտքի թռիչքը: Հայաստանը գտնվում է ճիշտ մշակութային, հոգևոր թռիչքում: Արևմտյան Եվրոպայում այս թռիչքը կամաց-կամաց կորցնում ենք: Այս աշխատությունը հայ մշակույթը պահպանելու համար է »,- ասաց նա՝ հավելելով, որ հայկական խաչքարերը, ձեռագրերը, եկեղեցիներն ու հուշարձանները բղավում են հայկական մշակույթի մասին:
Կարդինալն իր խոսքն ավարտեց հայ երկու մեծ հեղինակների` Գրիգոր Նարեկացու և Դանիել Վարուժանի խոսքերով:
«Սիրեք ձեր մշակույթը, ծանոթացեք ձեր մշակույթին, աշխարհին ներկայացրեք ձեր մշակույթը, ձեր ժառանգությունը»,-ասաց նա:
Կարդինալի խոսքով, իր հեղինակած գիրքը շատ կարևոր է հատկապես երիտասարդների համար, որը կարող է ուղեցույց լինել՝ ճանաչելու այն վայրերը, որտեղ գտնվում են հայ մշակույթի կենդանի ապացույցները՝ խաչքարերը:
Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտորը կարդինալին նվիրեց սովետահայ կերպարվեստի, Հայոց ցեղասպանության ու Հայաստանի զբոսաշրջային վայրերի վերաբերյալ գրքեր, իսկ կարդինալ Ջանֆրանկո Ռավազին էլ հուշամեդալ շնորհեց Երևանի պետական համալսարանին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան