«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, որ «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ իր կողմից արված հրապարակային և ոչ հրապարակային հայտարարությունները միմյանց չեն հակասում:
Դիտարկմանը, թե հրապարակավ ասել էր` նաիրիտցիների աշխատավարձերն ամբողջությամբ կմարվեն, մինչդեռ լուրերի համաձայն` նախատեսվում է գործարանի աշխատակազմը կրճատել, բացի այդ աշխատավարձերի ծավալը նույնպես կնվազի, նախարարը պատասխանեց. «Ես ինչ ասում եմ հրապարակային, այն էլ ասում եմ աշխատակիցներին: Կրճատումներով ոչ թե նախարարությունն է զբաղվում, այլ՝ ընդհանուր խորհուրդը»:
Հիշեցնենք , որ Panorama.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասել էր, որ «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի ողջ աշխատակազմը կստանա ծանուցագրեր առ այն, որ 2015թ. փետրվարի 6-ից իրենք այլևս կրճատված են ու կարող են աշխատանքի չներկայանալ, այսինքն՝ լուծարվելու է աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը:
Ինչ վերաբերում է աշխատավարձերի վճարմանը, ապա Ե. Զախարյանը նշեց, որ գործարանի աշխատակիցներին արդեն իսկ վճարել են մեկ ամսվա աշխատավարձը, իսկ երկրորդ ամսվա աշխատավարձը խոստացել են վճարել մինչև դեկտեմբերի 15-ը՝ հաշվի առնելով այն, որ առաջիկայում տոնական օրեր են. «Ամբողջությամբ մարում տեղի չի ունենա, մինչև դեկտեմբերի 10-ը կվճարենք մեկ ամսվա աշխատավարձը»:
Դիտարկմանը, թե նախարարը հայտարարել էր` ամբողջական մարում տեղի կունենա, Ե. Զախարյանն ասաց, որ իրենք սպասում էին` մինչև դեկտեմբեր բաժնետոմսերը հանձնված կլինեն Կառավարությանը, ու հնարավորություն կունենային վճարելու: «Բայց այսօր այդ հնարավորությունները չունենք»,- նշեց նախարարը:
Նախորդող հրապարակում`
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են