ԱԺ-ում վերսկսվել են 2015 թ. բյուջեի նախագծի քննարկումները. «Դժվար է պատկերացնել, որ այն լուծելու է առկա բոլոր խնդիրները»
Ազգային ժողովում վերսկսվեցին ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանն իր ելույթում ասաց. «Անշուշտ, յուրաքանչյուր տարի խորհրդարանի քննարկմանը ներկայացվող պետբյուջեի նախագիծը նաև քաղաքական քննարկումների փաստաթուղթ է, քանի որ այն արտացոլում է առաջիկա տարում երկրում սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման հնարավորությունները: Գաղտնիք չէ, որ նման հնարավորություններն առաջին հերթին պայմանավորված են յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի եկամտային մասով»:
Փոխնախարարի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ վերջին 10 տարում պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են շուրջ 3,5 անգամ` գերազանցելով 1 տրիլիոն դրամը, այնուամենայնիվ դժվար է պատկերացնել, որ 2015թ. պետական բյուջեի նախագծի հիմքում դրվող ֆինանսատնտեսական ցուցանիշները, կանխատեսումները, նպատակադրումները գալու են լուծելու առկա բոլոր խնդիրները:
«Խնդիրները, ցավոք, դեռևս շատ են, և միգուցե դա է պատճառը, որ մեր պատգամավորներն իրենց ելույթներում տարբեր գնահատականներ ու որակումներ տվեցին 2015 թվականի պետական բյուջեին, որոշ պատգամավորներն էլ այն անվանեցին անողնաշար ու փող չբերող բյուջե»,- ասաց Պ. Սաֆարյանը:
Ըստ նրա, կարևորը ոչ թե որակումներն են, այլ այն մոտեցումները, որոնք դրված են 2015թ. պետական բյուջեի հիմքում:
«ՀՀ 2015 թվականի պետական բյուջեն հիմնված է նպատակադրումների ու դրանց իրագործման հնարավորությունների արդյունավետ հավասարակշռման ու իրատեսականության վրա»,- նշեց Սաֆարյանը:
Փոխնախարարը նշեց նաև, որ պատգամավորների որոշ առաջարկներ հաշվի են առնվել և բյուջեի նախագծում որոշակի փոփոխություններ են իրականացվել այդ առաջարկների հիման վրա:
2015 նախագածի վերջնական տարբերակում եկամուտների, ծախսերի, դիֆիցիտի ամփոփ ցուցանիշներն են. եկամուտներ՝ 1 տրիլիոն 191 միլարդ դրամ, որից հարկային եկամուտներ և տուրքեր՝ 1 տրիլիոն 138,7 միլիարդ դրամ կամ ՀՆԱ-ի 23,4 տոկոսը: Այսինքն, 2015 թ. բյուջեի նախագծի վերջնական տարբերակում հարկեր-ՀՆԱ հարաբերությունը 2014 թ ծրագրային ցուցանիշը կգերազանցեն 0,2 տոկոսով, ծախսերը կազմելու են 1 տրիլիոն 305 միլարդ դրամ կամ ՀՆԱ-ի 26,6 տոկոսը, դիֆիացն անփոփոխ է թողնված՝ բացարձակ և հարաբերական առումով 114 միլիարդ դրամ, որը կազմում է ՀՆԱ-ի 2,34 տոկոսը:
Պ. Սաֆարյանը նշեց, որ նախագիծը պահել է իր սոցիալական ուղղվածությունը, որի վկայությունն այն է, որ ծախսերի ծավալի 48 տոկոսը բաժինն է ընկանում սոցիալ- մշակութային ոլորտին: Փոխնախարարի խոսքով, կառավարությունը համոզված է, որ ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագիծն իր էական դերը կունենա երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում երկրի պատշաճ ներկայացման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության կարիք ունեցող հասարակության անդամների նվազագույն անհրաժեշտ կարիքների բավարարման գործում:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ելույթի ավարտելուց հետո ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հետաքրքրվեց` արդյո՞ք վերջին օրերի փոփոխությունները ազդեցություն ունենալու են 2015 թ. բյուջեի նախագծում առկա ցուցանիշների վրա, ապա առաջարկեց հետաձգել նախագծի հաստատումը՝ մինչև կարվեն նոր հաշվարկներ, քանի որ ներկայացված նախագիծը փոփոխությունների կարիք ունի, որպեսզի համապատասխանեցվի իրականությանը:
Պ. Սաֆարյանը նշեց, որ փոփոխությունները կարող են ազդել բոլոր մակրոտնտեսական ցուցանիշների վրա, սակայն ընդհանրապես կանխատեսումների համար միշտ այնպիսի ժամանակաշրջան է ընտրվում, երբ որոշակի կայունացման տենդնեցներ կան. «Մենք գտնվում են մի փուլում, երբ կանխատեսումները սիրողական բնույթ ունեն: Կարիք չկա հետաձգել բյուջեի քննարկումները:
Հավաստիացնում եմ, որ անհրաժեշտություն չկա բյուջեն, քննարկումները հետաձգել: Մեր բյուջետային օրենսդրությունը բավական ճկուն է անհրաժեշտության դեպքում այդ փոփոխություններն արտացոլելու համար»: