Freedom House. Հայաստանը միակ ազատ համացանց ունեցող երկիրն է ԱՊՀ-ում
Freedom House միջազգային կազմակերպության կողմից հրապարկվել է «Համացանցի ազատությունը 2014» թ-ին զեկույցը, որտեղ աշխարհի 65 երկրներում գնահատվել է համացանցի ազատության մակարդակը:
Զեկույցն ընդգրկում է 2013 թվականի մայիսից մինչև 2014 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածը: Համացանցի ազատության մակարդակը գնահատվել է 100 միավոր սանդղակով, որտեղ 0-30 միավոր ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ, 31-60 միավոր ստացած երկրները՝ համացանցի մասնակի ազատություն ունեցող, իսկ 61-100 ստացած երկրները համարվում են համացանցի ազատություն չունեցող երկրներ:
Զեկույցում Հայաստանը 100 հնարավոր միավորից ստացել է 28 միավոր, ինչը նշանակում է, որ Հայաստանը դասակարգված է այն երկրների շարքում, որտեղ համացանցի ազատության մակարդակը գնահատվում է որպես ազատ: Ավելին, նախորդ տարվա արդյունքի համեմատ (29 միավոր )՝ Հայաստանն այս տարի նույնիսկ բարելավվել է իր դիրքը՝ ստանալով մեկ միավոր ավելի բարձր: Արդյունքում պահպանելով իր դիրքը՝ Հայաստանը դասակարգված է զեկույցի 65-ից այն 19 երկրների շարքում, որոնք համարվում են համացանցի ազատություն ունեցող երկրներ: Այդպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ավստրալիան և մի քանի այլ երկրներ:
Հայաստանը իր ստացած միավորով առաջատար դիրքում է թե´ տարածաշրջանային երկրների հետ համեմատած և թե´ ԱՊՀ երկրների հետ համեմատած: Այսպես՝ Ադրբեջանը և Թուրքիան ստացել են 55 միավոր՝ դասվելով մասնակի ազատություն ունեցող երկրների շարքը: Իրանը առհասարակ գտնվում է համացանցի ազատություն չունեցող երկրների շարքում: Տարածաշրջանում ազատության բարձր մակարդակ ունի նաև Վրաստանը՝ 26 միավոր:
Հայաստանի առաջատար դիրքը նկատելի է նաև ԱՊՀ մի շարք երկրների հետ համեմատած: Այսպես՝ Ռուսաստանը և Ղազախստանը ստացել են 60 միավոր՝ դասվելով համացանցի մասնակի ազատություն ունեցող երկրների շարքում: Այս շարքում են նաև Ուկրաինան՝ 33 միավոր, Ղրղզստանը՝ 34 միավոր, իսկ Բելառուսը և Ուզբեկստանը դասվել են համացանցի ազատություն չունեցող երկրների շարքում՝ ստանալով համապատասխանաբար 62 և 79 միավոր: Թուրքմենստանը և Տաջիկստանը, ինչպես նաև Մոլդովան առհասարակ ներառված չեն զեկույցում:
Հայաստանի դեպքում զեկույցում մասնավորապես նշված է, որ դիտարկված ժամանակամիջոցում չի եղել համացանցի հասանելիության, կայքերի հասանելիության, մեդիաբովանդակության՝ այդ թվում նաև քաղաքական թեմաներով, սահմանափակում, ինչպես նաև չի գրանցվել օգտատերերի իրավունքների սահմանափակման դեպքեր: Նմանապես, տեղի չեն ունեցել նաև բլոգերների, համացանցի այլ օգտատերերի ձերբակալության դեպքեր:
Դրական տեղաշարժերի մասով նշված է, որ դիտարկված ժամանակամիջոցում զգալիորեն աճել է Հայաստանում համացանցից օգտվողների թիվը՝ 39% -ից հասնելով՝ 46 տոկոսի: Զուգահեռ ավելացել է նաև համացանցից հեռախոսային սարքերի միջոցով ազատ օգտվողների թիվը, մեծացել է անլար համացանցի տիրույթը՝ ներառելով մի շարք հասարակական վայրեր, այդ թվում նաև հասարակական տրանսպորտի որոշ տեսակներ:
Զեկույցում ազատ և մրցակցային է գնահատված նաև հայաստանյան բջջային օպերատորների, ինտերնետ մատակարարների շուկան, ինչպես նաև դրական տեղաշարժերի թվում են դիտարկված մի շարք նոր ծառայությունների մատուցումը վերջիններիս կողմից՝ ներառյալ 4G ծածկույթի ապահովումը, իսկ 3G ծածկույթը, ըստ զեկույցի, հասանելի է գրեթե բնակչության 100 տոկոսին, որը կազմում է երկրի տարածքի մոտ 90 տոկոսը՝ բացառությամբ անմատչելի բարձրլեռնային տեղանքների:
Զեկույցում դրական գնահատականներ են տրված նաև համացանցի ազատությունը ապահովելուն ուղղված օրենսդրական փոփոխությունների մասով՝ մասնավորապես հեղինակային իրավունքների պաշտպանության հետ կապված:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները