«Ադրբեջանը բացասական ուղերձ է հղում միջազգային հանրությանը». ԵԽ գլխավոր քարտուղարը` Իսմայիլովայի կալանքի մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը կոչ է անում Ադրբեջանին՝ անհապաղ ազատ արձակել հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային։ ԵԽ գլխավոր քարտուղարը մտահոգված է, որ Բաքվի դատարանը կարգադրել է Ադրբեջանի հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ կիրառել երկամսյա նախնական կալանք. «Նրա կալանքն ավելորդ էր։ Այն շատ բացասական ուղերձ է հղում Ադրբեջանում քաղաքացիական հասարակությանը և միջազգային հանրությանը»:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ սա ևս մեկ ճնշում է Ադրբեջանում իրավապաշտպանների նկատմամբ և սկզբունքորեն հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություն:
«Ես կոչ եմ անում անհապաղ ազատ արձակել Խադիջա Իսմայիլովային և Եվրոպայի խորհրդի մյուս բազմաթիվ գործընկերներին, ովքեր ներկայումս ազատազրկված են»,-ասել է Թ. Յագլանդը։
Նշենք, որ Խադիջա Իսմայիլովան այն լրագրողներից էր, ովքեր մշտապես համագործակցել են Եվրոպայի խորհրդի հետ՝ տեղեկացնելով, բարձրաձայնելով այն իրական վիճակի մասին, որ տիրում է Ադրբեջանում։
Վերջին տարիներին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովների նստաշրջաններից յուրաքանչյուրի ժամանակ ԵԽԽՎ-ի միջոցառումների օրակարգի անբաժանելի մասն էր դարձել Ադրբեջանում մարդու իրավունքների, իրավապաշտպանների, կոռուպցիայի մասին քննարկումները, որին մասնակցում էին Ադրբեջանի ընդդիմադիր լրագրողներն ու իրավապաշտպանները. Ռասուլ Ջաֆարով, Խադիջա Իսմայիլովա, Ինթիգամ Ալիև, Իլգար Մամմադով, Անար Մամմադլի և բազմաթիվ այլ անուններ, ովքեր ներկայումս ազատազրկված են։
Հիշեցնենք, որ Բաքվի դատարանը Խադիջա Իսմայիլովայի նկատմամբ դեկտեմբերի 5-ին կայացրեց երկամսյա կալանքի որոշում։ Խադիջան մեղադրվում է «Ազադլիգ»-ի նախկին աշխատակից Թուրալ Մուստաֆաևին ինքնասպանության փորձի հասցնելու մեջ։ Դատապարտման դեպքում Իսմայիլովային սպասվում է մինչև 7 տարվա ազատազրկում։
Նախորդող
Ադրբեջանում լրագրողների ռեպրեսիաները շարունակվում են․ ձերբակալվեց նաև առաջատար լրագրող Խադիջա Իսմայլովան
ԵԽԽՎ նախագահը մտահոգված է Իսմայիլովայի ձերբակալմամբ
Արևմուտքը քննադատում է Ադրբեջանի իշխանություններին լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության համար
Միջազգային կազմակերպություններն ու մամուլը` ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա