Աճուրդի ընթացքում կուտակվել է 30 մլն 600 հազար դրամ. «Ամերիան» արդեն կրկնապատկել է այդ գումարը
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ամերիա» ընկերությունների խումբը երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպել էր ավանդական՝ արդեն 5-րդ բարեգործական աճուրդը, որն այս անգամ կրում էր «Սպորտը կյանքի համար» անվանումը:
«Մեգա սպորտ» ընկերության և «Project Hope» հիմնադրամի աջակցությամբ աճուրդի հանվեց 22 սպորտային իր, մասնավորապես՝ Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Ռոնդա Ռուզիի, Օսկար դե լա Հոյայի, Ալեքսանդր Միսկիրտչյանի բռնցքամարտի ձեռնոցները, Յուրի Ջորկաեֆի, Հենրիխ Մխիթարյանի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրությամբ ֆուտբոլային գնդակներ, «Մանչեսթեր Սիթիի», Մարկոս Պիզելիի, Անդրես Ինյեստայի, Արթուր Սարկիսովի, Լևոն ու Արսեն Ջուլֆալակյանների, Ռոման Բերեզովսկու ստորագրությամբ մարզաշապիկներ, Զինեդին Զիդանի, Պելեի, Մարադոնայի, Ուսեին Բոլտի, Քրիշտիանու Ռոնալդուի բացառիկ նկարները՝ կատարված խաղերի ընթացքում:
Ինչպես մեր թղթակցին հայտնեցին «Ամերիաբանկից», աճուրդի ընթացքում բոլոր իրերը վաճառվել են՝ ընդհանուր 30 մլն 600 հազար դրամ արժեքով:
«Ամերիա» ընկերությունների խումբն այն անմիջապես կրկնապատկվել է: Այսպիսով՝ քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ օգնություն պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը կուղղվի 61 մլն 200 հազար դրամ: Հանգանակումները շարունակվում են, և այս գործընթացից ստացված միջոցների ընդհանուր պատկերը հայտնի չէ: Բացի այդ, որոշ սպորտային իրեր կվաճառվեն դեկտեմբերի 15-ին, օնլայն աճուրդի միջոցով, որի մանրամասներին կարող եք ծանոթանալ csr.ameriagroup.am կայքում: Այն, թե «Սպորտը կյանքի համար» արշավն ընդհանրապես որքան միջոցներ կուղղորդի դեպի երեխաների ապաքինումը, պարզ կդառնա միայն հանգանակումների ու օնլայն աճուրդի ավարտից հետո:
Նախորդ 4 բարեգործական աճուրդների, ուղղակի ֆինանսական աջակցությունների և «Ամերիա» ընկերությունների խմբի, նրա գործընկերների, հաճախորդների ու թիմակիցների համատեղ ուժերով հավաքվել է 300 մլն դրամ, որի շնորհիվ փրկվել է ավելի քան 100 երեխայի կյանք:
Բարեգործական աճուրդին մասնակցում էր նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ իր ղեկավարած կառույցն «Ամերիաբանկի» կողմից արհեստական շնչառության թանկարժեք ապարատ է ստացել: Նշենք, որ այդ սարքն արժե 21 մլն դրամ, որից 4-5 միլիոնը նվիրաբերել են «Ամերիա» ընկերությունների խմբի աշխատակիցները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան