«Ոչ մի նոր բան». Նաիրիտցիները կրկին հանդիպեցին վարչապետին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր մեկ անգամ ընդունել է Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցներին: Հանդիպմանը քննարկվել են գործարանի հետագա գործարկման հնարավորությունները և այդ ուղղությամբ հնարավոր քայլերը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշվել է, որ «Նաիրիտ»-ի խնդիրներին լուծում պետք է տրվի բացառապես օրենքի շրջանակներում և գործադիրը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ գործարանի հետագա գործարկման համար: Համաշխարհային բանկի միջազգային փորձագետներն ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար: Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա առաջին եռամսյակի ընթացքում:
Միաժամանակ նշվել է, որ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նաիրիտցիները հունվարին ստանան ևս մեկ ամսվա աշխատավարձ: Նոյեմբերին արդեն իսկ վճարվել է մեկ ամսվա աշխատավարձ, նույնքան էլ կվճարվի դեկտեմբեր ամսին:
Panorama.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական ծառայության ղեկավար Անուշ Հարությունյանն ասաց. «Հանդիպումը կայացավ: Ոչ մի նոր բան էլ չեն չխոստացել՝ մեկ ամսվա աշխատավարձ դեկտեմերին, մեկն էլ հունվարին: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները կգան, մինչև փետրվարի վերջ եզրակացություն կտան գործարանի վերագործարկման հնարավորությունների մասին, եթե գործարանը սկսի աշխատել, Միջպետական բանկից էլ վերցնեն բաժնեմասը, կմտածեն ամբողջ աշխատավարձը փակելու մասին»:
Հիշեցնենք, որ նաիրիտցիները մեկ տարուց ավել կուտակված աշխատավարձի պարտք ունեն:
Ինչ վերաբերում է կրճատումներին, Ա. Հարությունյանն ասաց, որ այդ հարցին չեն պատասխանում: «Այդ հարցի հետ կապված ոչ մի նորություն: Կրճատումներ անպայման լինելու են ու միայն 500 հոգու են պահելու, իսկ 1600-ը մնալու են անգործ»:
2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։
Rhinoville Property Limited ընկերությունը 2006 թ. ԱՊՀ Միջպետական բանկից 70 միլիոն դոլար վարկ էր վերցրել` գրավ դնելով գործարանը: Վարկը վերցվել է գործարանի վերազինման ու ներդրումների իրականացման նպատակով, սակայն, ըստ էության, իր նպատակին չի ծառայել: Վարկը հատկացվել էր 5,3 տարով՝ մինչև 2011թ. դեկտեմբերի վերջը, տարեկան 12,5% տոկոսադրույքով: Վերջնաժամկետը լրանալուց հետո գործարանը դարձել է բանկի սեփականությունը:
Միջպետական բանկը միջազգային հաշվարկային և վարկային ինստիտուտ է ԱՊՀ երկրների պետական կապիտալների 100 տոկոսանոց մասնակցությամբ։ Բանկը հիմնվել է 1993 թվականին` ԱՊՀ տասը երկրների կողմից` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի։ Միջպետական բանկը ներկայացուցչություններ ունի Հայաստանում, Բելառուսում և Ղրղըզստանում։
Նախորդող հրապարակումներ՝
«Մեր խնդիրն է նայել ապագային, ոչ թե անցյալին». Վարչապետ
Նաիրիտցիները վարչապետին նոր տեղեկատվություն են հայտնել
«Նաիրիտ»-ը նոր պայմանագրեր կկնքի ձեռնարկության շուրջ 500 աշխատողի հետ
Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին
Նաիրիտցիներն այսօր էլ կփորձեն հանդիպել վարչապետին
Նաիրիտցիներն այլևս խոսքին չեն վստահում
Նաիրիտցիները կհավաքվեն՝ որոշելու անելիքները
Վարչապետը՝ «Նաիրիտի» ու նաիրտցիների խնդրի մասին
Նաիրիտցիները նախագահականի մոտ են՝ երկու պահանջով
«Նաիրիտ»-ի աշխատակիցների աշխատավարձն ամբողջությամբ մարելու հնարավորություններ չունենք. Երվանդ Զախարյան
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները շոկային վիճակում են