Հոգեբան. «Ամանորի գիշերը քայլեք գիշերային Երևանով»
«Սթրեսը ծանր հոգեբանական զգացողություն է, երբ մարդն ամեն ինչից մեկուսացնում է իրեն…այն էքզիստենցիալ հոգեվիճակ է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Պողոսյանը:
Ըստ հոգեբանի՝ մարդկանց մոտ առկա է տարեթվերի սինդրոմը, երբ մոտենում է նրանց ծննդյան օրը կամ ամանորը, նրանք սկսում են ի մի բերել իրենց անցածը և հասկանում, որ շատ նպատակներ անկատար են թողել: Պողոսյանի խոսքերով՝ մարդկանց մոտ սթրեսը ծնվում է նաև այն պատճառով, որ նրանք չեն կարող ետ բերել անցյալում տեղի ունեցած լավ իրադարձությունները:
Ինչ վերաբերում է ամանորին նախորդող՝ նախատոնական սթրեսին, Ռուբեն Պողոսյանը նշեց, որ դրա հիմնական պատճառը մրցակցությունն է: Մարդիկ սկսում են տոնական մրցավազքը՝ անել ավելին, քան նախորդ տարում էր, իսկ ամանորի գիշերը, երբ ժամը 12-ն է զարկում, դատարկություն է լինում: Մարդը հասկանում է, որ չնայած իր ջանքերին, կյանքը նույնն է մնում: Հոգեբանի խոսքերով՝ ճիշտ կլինի, եթե մարդիկ ամանորը լցնեն նոր ուրախություններով ու բարձր տրամադրությամբ:
Տոնական սեղանի պատրաստությունները ևս, Ռուբեն Պողոսյանի կարծիքով, սթրեսի պատճառ կարող են դառնալ: Ըստ հոգեբանի՝ այն սնոտիապաշտությունը, թե ինչպես սկսես տարին, այնպես էլ այն կանցնի, սխալ է: Բացի այդ, երբ մարդը չի կարողանում իր սեղանին ապահովել այն լիությունը, որը նախատեսել էր, դա ևս սթրեսի առիթ է:
Վերջում Ռուբեն Պողոսյանը խորհուրդ տվեց ամանորի գիշերը քայլել գիշերային Երևանով և օրն անցկացնել սիրելիների, ընկերների հետ, և որ ամենակարևորն է՝ ժպիտով: Սա թույլ կտա խուսափել սթրեսից և վայելել քաղաքի տոնական անցուդարձը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները