Փոխադրողների միության նախագահ. Երթուղայինի ուղեվարձը պետք է լինի 300 դրամից ոչ պակաս
Երևանում երթուղայինի ուղեվարձը պետք է լինի 300 դրամից ոչ պակաս՝ 100 դրամը վճարի ուղևորը, 200-ը՝ սուբսիդավորի պետությունը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը: Ըստ նրա, միայն այս դեպքում վարորդները կարող են աշխատել նորմալ պայմաններում:
Նա հիշեցրեց, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի կողմից պատվիրված իսպանական մի ընկերություն աուդիտ էր իրականացրել ու ստացել էր, որ ուղեվարձը պետք է լինի 252 դրամ:
«Վերջնական հաշվարկներ չունենք, բայց այսօրվա թանկացումներն էլ գումարենք այդ թվին, չոբան հաշվարկով կստանանք 300 դրամից ոչ պակաս»,- ասաց Հ. Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է այս օրերին երթուղայինների վարորդների իրականացրած գործադուլներին և ի՞նչ պայմանների դեպքում կդադարեցնեն ու կանցնեն բնականոն աշխատանքի, նա ասաց, որ երկու ճանապարհ կա. «Իշխանությունները հրավիրում և ասում են, որ իրենք խնայած միջոցներ ունեն, ժամանակավորապես կֆինանսավորեն, մինչև խնդրի գլոբալ լուծում գտնեն, երկրորդ՝ ոչինչ չենք տալիս, գնացեք՝ ինչ ուզում եք արեք»:
«Ինչ ուզում եք արեք»-ը ըստ նրա, այն է, ինչը կատարվում է այս օրերին՝ գործադուլ, ճանապարհների փակում:
Հ. Եղիազարյանը հայտնեց, որ երեկ հինգ երթուղի է գործադուլ արել, իսկ այօր՝ 30-40 երթուղի: Հիշեցնենք, որ նրանք բողոքում են գազի թանկացման դեմ:
Պատասխանելով հարցին, թե մոտակա մարզերում, Երևանից քիչ հեռու գտնվող գազալցակայաններում գազի գինը չի թանակցել, ինչո՞ւ չեն գնում ու այնտեղից գազ գնում, նա ասաց. «Չեն գնա: Ինչո՞ւ գնան, եթե անմիջապես իրենց հարևանությամբ կա գազալցակայան»:
Ինչ վերաբերում է հարցին, թե որո՞նք են այն պայմանները, որոնց իրականացման դեպքում վարորդը կշարունակի աշխատել՝ առանց պահանջելով բարձրացնել ուղեվարձը, Հ. Եզիազարյանը թվարկեց՝ պահեստամասերի, անվադողերի էժանացում, դիզվառելիք տալ այն արժեքով, որով որ մտնում է Հայաստան:
Հ. Եղիազարյանը նաև ասաց, որ վարորդն ամեն օր իր աշխատած գումարից 11.500-14.000 դրամը վճարում է ընկերությանը՝ որպես հասույթի պլան:
Ինչո՞ւ գծերի տերերը չեն իջեցնում այդ գումարը, հարցին ի պատասխան ասաց. «Հասույթի պլանի գումարով սեփականատերն իրականացնում է մի շարք գործողություններ.նախ ունի հարկային պարտավորություններ, գնում է պահեստամասեր և այլն» :
Նա տեղեկացրեց, որ այսօր Երևանի քաղաքապետարանի ղեկավարությունը հրավիրել է հերթական հանդիպումը գծատերերի հետ. «Չգիտենք՝ ինչ կասեն»:
Նախորդող հրապարակում՝
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվում են դուրս գալ աշխատանքի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները