Գյումրիի սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը. Կարեն Անդրեասյան
«Ըստ մեր ուսումնասիրությունների` միջպետական պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ՝ Գյումրիի սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը»: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե որտե՞ղ պետք է պատասխանատվության ենթարկվի ոճրագործության հեղինակը:
Նա նշեց, որ ակնկալում է` գործի քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենա Հայաստանում և կասկածյալը պատասխանատվության կենթարկվի ՀՀ-ի օրենսդրությամբ և ՀՀ իրավապահ մարմինների կողմից:
«Հենց նույն միջպետական պայմանագրով կասկածյալը այժմ գտնվում է ՀՀ տարածքում և արտահանձնման կամ հանձնման մասին խոսք չկա, խոսքը միայն փոխանցելու մասին է և, կարծում եմ, որ Գլխավոր դատախազությունը գրավոր կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»,- Կ.Անդրեասյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ գլխավոր դատախազի գործողությունները, նա պատասխանեց, որ ինքը դատախազի որևէ գործողություն չի մեկնաբանում, բայց նրա տրամադրած տեղեկատվությունը օգտակար է:
Հարցին, թե արդյոք գլխավոր դատախազության նախորդ հայտարարությունը և գլխավոր դատախազի այսօրվա հայտարարությունը իրար չեն հակասում, Կ.Անդրեասյանը նշեց. «Ես չեմ ուսումնասիրել այդ հակասությունները, միայն կարող եմ ասել` եթե ներկայացվում է, թե դատավարությունը պետք է լինի Հայաստանում, ճիշտը այդ տարբերակն է»:
Անդրադառնալով կատարվածի հետ իր աշխատանքային պարտականություններին, ասաց. «Այս պահի դրությամբ, մեր իրավասությունների շրջանակում չի արվել որևէ գործողություն կամ անգործություն, որը պետք է արվեր ըստ օրենքի: Միաժամանակ պետք է նշեմ, որ այս պահին մենք որևէ օրենքի խախտում չենք արձանագրել, այլ բան է, որ բոլորս ունենք մտահոգություններ, և եթե դրանք ճիշտ ձևով չփարատվեն, դրանք կարող են դառնալ մարդու իրավունքների խախտում: Այդ ժամանակ կտեսնեք մեր հայտարարությունը և մեր պաշտոնական գնահատականը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան