Պիպոյան. Ալյուրի հարստացման հետազոտություններում պետք է ապահովել թափանցիկություն
Հայաստանում ալյուրի պարտադիր հարստացման դեմ հիմնական պայքարող «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը հարցը մեկ տարով հետաձգելը ողջունելի է համարում:
«Եթե այս փուլում շարունակվեր այդ օրենքի ընդունման համար պայքարը, ես էլ պայքարի այլ մեխանիզմներ ունեի, բայց փառք Աստծո, բանը դրան չհասավ»,-Panorama.am-ին ասաց Բաբկեն Պիպոյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ երեկ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը: Փաթեթը քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է այն հետաձգել մինչև մեկ տարով: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա տեղեկացրել է, որ կանանց և երեխաների մոտ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի և քաշի խնդիրներ, ինչի համար էլ հարստացնում են ալյուրը:
ՀԿ նախագահը հիշեցնում է իր հակափաստարակները. Հարստացումը պրոբլեմի լուծման ձևերից մեկն է ընդամենը, սակայն ԱՀԿ մասնագետներն էլ ասում են, որ հարստացումը պետք է արվի այն ժամանակ, եթե կա հանրային առողջապահական բարձր ռիսկ:
«Հանրային առողջապահական բարձր ռիսկը գնահատվում է ողջ ազգաբնակչության շրջանում ամբողջական հետազոտություններ անցկացնելով, իսկ մեր երկրում իրականացվել է փոքր ծավալի հետազոտություն, այն էլ 2005-ին, այդ թվերի հիման վրա, այդ քայլին գնալ չէր կարելի»,-ասաց ՀԿ նախագահը:
Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագետը կարևորում է նաև սպառողի ազատ ընտրության իրավունքը:
«Մենք ունենք մի թիվ, որ ալյուրի 80-85%-ն արտադրվում է խոշոր ալրաղացներում, բայց թե ինչ է տեղի ունենում հացամթերքի շուկայում, չգիտենք: Մոնիտորինգը ցույց է տվել, որ հաց արտադրողների 95 տոկոսը հացը թխում է խոշոր ալրաղացներից ձեռք բերած ալյուրով, այսինքն ազատ ընտրության հնարավորություն չի լինում»,-ասաց նա:
Պիպոյանը հորդորում է հետազոտությունների այս փուլում ապահովել բարձր մակարդակի թափանցիկություն ու դրանց մասնակից դարձնել հասարակության շատ ավելի լայն շերտերի. «որպեսզի այդ շերտերը երբևէ կասկածի տակ չառնեն այն թվերը, որոնք ստացվելու են վերջնական հետազոտությունների արդյունքում»:
«Եթե պարզվի, որ օրինակ ազգաբնակչության 40 %-ն ունի այդ խնդիրը, իհարկե ես ինքս հարստացման դեմ չեմ լինի, իհարկե պահպանելով ազատ ընտրության հնարավորությունը»,-ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝
«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր. Հանրային խորհուրդ
ԱՆ. Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը միտված է հիվանդությունների կանխարգելմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան