Ադրբեջանում Raffaello կոնֆետների վրա հայերեն գրությունների պատճառով հակալեհական արշավ է սկսվել
Ադրբեջանում հերթական բողոքի ալիքն է բարձրացել այն բանի պատճառով, որ լեհական արտադրության Rafaello կոնֆետների փաթեթավորման վրա հայերեն գրառումն արված է ադրբեջաներենից առաջ, իսկ հայերենով ու ադրբեջաներենով բացատրությունների միջև նշված է վրացերեն: Այս մասին հաղորդում է Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերանների նորաստեղծ Gaziler.az կայքը:
«Մեզ, մեր լեզուն ատող լեհ արտադրողներից ամեն ինչ սպասելի է» խորագրով հոդվածի հեղինակի կարծիքով` «հայերին ու վրացիներին ադրբեջանցիներից առաջ են դասել նրանց` քրիստոնյա լինելու համար»:
«Նշանակում է` քրիստոնյաներին պաշտող, մուսուլմաններին ու թուրքերին ատող լեհ արտադրողները` Ferrero ընկերության լեհական բաժանմունքի ղեկավարները, դրանով ցույց են տվել Ադրբեջանի նկատմամբ ունեցած իրենց ատելությունը»,- գրում է կայքը` հարց բարձրացնելով, թե ինչու իրենք պետք է գումար ծախսեն «հայամետ, քրիստոնյաներին գերակա համարող լեհերին հարստացնելու համար»:
«Ինչո՞ւ պետք է Ադրբեջանում հայերեն գրությամբ որևէ ապրանք վաճառվի. դա անթույլատրելի է: Այդ հակաթուրքական, հակաիսլամական կոնֆետներն Ադրբեջան բերելն այլ նպատակ ունի: Եթե Raffaello-ի լեհ արտադրողներն Ադրբեջանի նկատմամբ նման ատելություն են դրսևորում, ուրեմն մի օր էլ այդ կոնֆետների մեջ կարող են ռադիոակտիվ նյութեր կամ այլ թույներ ներարկել, ուղարկելով Ադրբեջան` թունավորել մեզ: Մեզ ու մեր լեզուն ատող լեհ արտադրողներից ամեն բան սպասելի է», -հավաստիացնում է հոդվածագիրը:
Հեղինակը մեղադրում է նաև այդ կոնֆետներն Ադրբեջան ներմուծող գործարարներին:
«Ամբողջ աշխարհը գիտի Ադրբեջանի որոշ բիզնեսմենների անգրագիտության, ազգային ինքնագիտակցությունից զուրկ լինելու, իր ստամոքսի համար հային և մեր ազգի մյուս թշնամիներին քծնելու հակման մասին»,- եզրահանգում է կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը