Հայաստանում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է. Մանգասարյան
Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝ 2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.6 հազար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.2 տոկոսով: Այս մասին ասօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը՝ ներկայացնելով 2014 թվականի զբաղվածության ցուցանիշները:
Նրա խոսքերով՝ գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91.4 տոկոսը կամ 65.9 հազարը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17.9 տոկոսով:
Ա.Մանգասարյանը հայտնեց, որ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 71.8 տոկոսը, երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.7 տոկոսը, իսկ հաշմանդամություն ունեցող անձիք 3.2%-ը: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 42.8%, որից երիտասարդները կազմում են 12.6 հազար կամ 44.7%:
Նշվեց նաև, որ ըստ տարիքային ցենզի գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 23.7%, 30-44 տարեկանները` 21.4%, 55-ից բարձր տարիքի անձինք՝ 16%: Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 55.2 հազար կամ 83.8%:
Ա.Մանգասարյանը տեղեկացրեց, որ գործակալությունում հաշվառված գործազուրկների թվաքականում բարձագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 14.3%, միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 20.4%-ը , նախնական մասնագիտական կրթություն ունեցողները՝ 6.2%, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները՝ 50.3%-ը, հատուկ ընդհանուր, ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները՝ 8.8%-ը:
Նշվեց նաև, որ մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները, տնտեսագետները:
Հարցին, թե աշխատաշուկայում հատկապես որոնք են պահանջարկ ունեցող մասնագիտությունները, գործակալության պետն ասաց, որ որքան էլ զարմանալի է, ամենապահանջվածը բժշկի մասնագիտությունն է. «Մեծ պահանջարկ կա բժիշկների, բուժքույրերի, ուսուցիչների՝ հատկապես մարզերում»:
Ըստ Ա.Մանգասարյանի՝ աշխատաշուկայում բարձրագույն կրթությամբ մասնագետներից պահանջարկված են նաև հաշվապահները, մենեջերները, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, ավտովերանորոգողները, էլեկտրիկները, որմնադիրները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները