Այս տարի ևս դիզվառելիքը և պարարտանյութը կսուբսիդավորվի կառավարության կողմից
ՀՀ կառավարությունը կներկրի 7 մլն 788 հազար 921 լիտր դիզելային վառելանյութ` հողօգտագործողների դիզելային վառելանյութի պահանջարկը բավարարելու և 2015 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ դիզվառելիքը կտրամադրվի լիտրը 350 դրամով:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` հանրապետություն կներկրվեն նաև 33263.2 տոննա ազոտական, 1759.6 տոննա ֆոսֆորական և 564.8 տոննա կալիումական պարարտանյութեր՝ հողօգտագործողներին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար: Պարարտանյութերի մեկ պարկը կտրամադրվի 6 հազար դրամով:
«Մենք բազմաթիվ առիթներով հայտարարել ենք, որ գյուղատնտեսության զարգացումը մեզ համար առաջնահերթություն է: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա: Այդ ծրագրերը, պետական բյուջեից սուբսիդավորումը քայլեր են, հնարավորություններ, որպեսզի գյուղատնտեսությունը զարգանա»,- կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վարչապետը հանձնարարեց, որպեսզի գյուղացիներին դիզվառելիքի և պարարտանյութի մատակարարման գործընթացին մասնակցեն նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունն ու հանրապետության մարզպետները:
Հարակից հրապարակումներ`
Նիդերլանդներից հարկադիր վերադարձող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու կտրամադրի 1000 եվրո
Պաշտոնաթող նախագահին` ցկյանս գրասենյակ և գործող նախագահի աշխատավարձի 80 տոկոսի չափով կենսաթոշակ
Կառավարությունն այս տարի ևս Ռուսաստանից բարձրորակ սերմացու կներկրի